Պարոն նախարար ամոթ է, գոնե տերմիններն ուսումնասիրեք նոր ելույթ ունեցեք. Կարեն Ավագյանը՝ Արայիկ Հարությունյանին

Կարծում եմ հատուկ նորանշանակ նախարարների համար կարելի է որոշակի դասեր անցկացնել կամ մասնագետներ ուղարկել, որպեսզի նրանք փոքր ինչ ծանոթանան իրենց ղեկավարած կառույցի գործունեությանը, որից հետո միայն ամպագոռգոռ հայտարարություններ անեն: Այսօր ո´չ ավել, ո´չ պակաս ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ՀԵՀ), հայտնել էր. «Էս էլ սենց: Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա: Դուխով»: Ինչին ի պատասխան ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց նախարարին. «Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի: Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։ Հասկանալի է, որ փորձ է արվում այսկերպ հանրության աչքին թոզ փչել, ինչ-որ ինտրինգներ ման գալով, բայց, ցավոք, նախարարն այս անգամ բռնվեց: Քանի որ, ոլորտին փոքր ինչ չափով ծանոթ մարդիկ հասկանում են, որ հիմնադրամի նպատակն այլ է՝ այն երիտասարդական բոլոր առաջադիմական և կառուցողական նախաձեռնությունների կողքին է: Անկախ կրթական, քաղաքական կողմնորոշումներից, հետաքրքրությունների շրջանակներից, անկախ նրանից հայ երիտասարդը ՀՀ քաղաքացի է, ապրում է Սփյուռքում, ԼՂՀ-ում, թե Ջավախքում, Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամը նրա շահերի պաշտպանն է և վստահելի խորհրդատուն: Այն նպաստում է երիտասարդության շրջանում իրավաբանական գիտելիքի ամրապնդմանը և երիտասարդության շահերն ու իրավունքներն ամրագրող օրենսդրական դաշտի ստեղծմանը: Ուստի, պարոն նախարար, լավ կանեիք փոքր-ինչ ուսումնասիրեիք ոլորտը, հետո նոր քաղաքականցնեիք և անձնավորեիք:

Այս թեմայով