Կառավարությունը Սերժ Սարգսյանի համար դղյա՞կ է...

Ամիսներ շարունակ ԱԱԾ ընդունելությունների տան ներքևի բլուրի փեշին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Շատերին է հետաքրքրում, թե ի՞նչ է կառուցվում։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարել էր, որ առաջիկայում  դեպի Արաբկիր տանող ճանապարհի հարակից ամբողջ լանջը անտառապատվելու է։

«Հայ Կոլա» ընկերության սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Ամեն օր անցնում եմ այս վայրով, որտեղ կատարվում է հսկայական շինարարություն՝ արդեն մոտ 6 ամիս է։ Ում հարցնում եմ, չգիտեն, թե ինչ է կառուցվում։ Շինարարությունը գտնվում է Երևան քաղաքում, Սարալանջի դոշին, որտեղ նախատեսվում էր անտառապատել։ Սակայն անտառի տեղը մի հսկա պարիսպ է վեհ գնացել, ոնց որ չինական պարիսպը լինի։ Ով գիտի, թե սա ինչ է, խնդրում եմ արձագանքեք»։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ևս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այս շինարարությանը․«Ժողովուրդ ջան, էս ի՞նչ խաբար ա։ Ի՞նչ շինարարություն ա, որ ոչ մեկը տեղյակ չի։

Ելույթներից մեկում վարչապետ Փաշինյանը շատ ճիշտ նշեց, որ շատ խնդիրներ առաջանում են մեզանից յուրաքանչուրի անտարբերությունից։ Կարող ա բառացի չեմ ցիտում, բայց իմաստը սա էր։ Նկարը հրապարակվել ա, խնդիրը բարձրաձայնվել ա, պատասխան, կարծես թե, չկա։ Հա, ի դեպ, անտարբերությունը մենակ քաղաքացիրերին չէր վերաբերում, նաև պաշտոնյաների մասին ա խոսքը»,-գրել է իրավապաշտպանը։

Նինա Կարապետյանցի գրառման մեկնաբանություններում շատերը նշում են, որ կառավարությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար պալատ է կառուցում։ Քաղաքացիները պահանջում են, որ Կառավարությունը ի վերջո ասի, թե ի՞նչ և ու՞մ համար է կառուցվում անտառապատման համար նախատեսված տարածքում։

Կան խոսակցություններ, որ տարածքում առանձնատուն է կառուցում ռուսաստանցի օլիգարխ Կամո Ավագումովը։ Բայց այս տեղեկությունները արժանահավատ չեն, քանի որ կառուցվող առանձնատան հենց վերևում գտնվում է ԱԱԾ ընդունելությունների տունը, և դժվար է պատկերացնել, որ պետական նման կառույցին մոտ մասնավոր կառույց կարող է հայտնվել։

Ի դեպ, չպետք է մոռանալ, որ Սերժ Սարգսյանը, որպես առանձնատուն հենց ԱԱԾ ընդունելությունների տունն էր ցանկանում վերցնել, սակայն Փաշինյանի ղեկավարած կառավարությունը հրաժարվեց ընդունելությունների տունը տրամադրել նախկին նախագահին։ Այս տեսանկյունից տրամաբանական է քաղաքացիների վարկածը, որ տարածքում առանձնատուն է կառուցվում Սերժ Սարգսյանի համար։

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ևս չպատասխանեց զանգերի։