Կառավարությունը Ryanair ընկերությանը տարեկան...

Երեկ Ryanair-ը պաշտոնապես հայտարարեց, որ 2020-ի հունվարից մտնում է հայկական ավիափոխադրումների շուկա և 2020-ի հունվարից կանոնավոր թռիչքներ կիրականացնի Հռոմից Երևան, Միլանից Երևան, իսկ ամռանից նաև Բեռլինից Երևան:

Իշխանական ամբողջ վերնախավը, քարոզչական լրատվամիջոցները և ֆեյքերը ամբողջ օրվա ընթացքում լծվել էին այս որոշման գովազդման գործին: Ընկերության մուտքը ներկայացվեց, որպես աննախադեպ մի որոշում, որը էական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա:

Իշխանությունները սակայն բաց են թողնում բացասական հետևանքների մասը: Իշխանությունները նաև մոռանում են խոսել այն ֆինանսական բեռի մասին, որը կրելու է պետությունը ընկերության մուտքն ապահովելու համար: Էժան թռիչքներ ապահովող ընկերությունն իրականում տոմսերը այդքան էլ էժան չի վաճառելու: 

Նախ նկատենք, որ ընկերության համար հանվել է օդի փող ասվածը: Խոսքը այն 10 հազարական դրամների մասին էր, որը ամեն ուղևորի վճարից գնում էր պետական բյուջե: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այս մասին հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում: Կոմիտեի նախագահը նաև նկատեց, որ արվել է տարեկան մոտ 130 հազար ուղևորի հաշվարկ: Այսինքն նախնական հաշվարկենորվ ընկերությունը մեկ տարվա ընթացքում հենց այդքան ուղևորի է սպասարկելու:

Քաղաքացու Որոշում կուսակցության խորհրդի ղեկավար Սուրեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ յուրաքանչյուր տեղափոխված ուղևորի համար ավիաընկերությունը, բացի ուղևորի վճարած տոմսի արժեքից, գումար ա ստանալու նաև պետական բյուջեից։ Քաղաքական գործչին հետաքրքիր ա, թե ինչքան ա լինելու էդ գումարը։ Նրա խոսքով բանակցությունների սկզբում խոսվում էր ուղևորի հաշվով 80 եվրոյի մասին: Այս մասին ավելի ուշ գրեց նաև հայտնի բլոգեր Ալեքսանդր Լափշինը: Բլոգերն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.«Ամբողջ համացանցն այսօր քննարկում է, թե ինչ հիանալի աղջիկ է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, որ կարողացավ «համոզել» Ryanair-ին գալ Հայաստան: Ինչպիսի անհեթեթություն: Ի՞նչ կապ ունի այդ աղջիկը: Ընկերնե՛ր, հարցն ախր Տաթևիկ Ռեվազյանի՝ ավիաընկերությունների հետ պայմանավորվելու կարողությունը չէ: Հարցն այն էր, որ պետությունը վերացնի ավիաընկերությունների համար օդանավակայանում բոլոր վճարները, որպեսզի նրանք համաձայնեն թռիչքներ կատարել Հայաստան»:

Ստացվում է պետությունը ամեն ուղևորի համար նախատեսված 100 դոլարի հասնող ծախսը վերցնում է իր վրա, որպեսզի քաղաքացիների և ոչ քաղաքացիների համար էժան ավիատոմսի էֆեկտ ապահովի: Եվ եթե ծախսը հաշվենք նախնական ներկայացված 130 հազար ուղևորի հաշվով, ապա այս շռայլությունը պետության համար կարժենա տարեկան ավելի քան 13 մլն դոլար:

Պետք է նկատել նաև, որ միջազգային մամուլի հրապարակումների համաձայն խնդիրներ կան նաև ընկերության սպասարկման որակի համար: Կան երկրներ, որտեղ էժան ավիափոխադրումներ իրականացնող այս ընկերությունն ինքնաթիռում անգամ զուգարանն է վճարովի դարձրել: