Կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլար...

Մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել՝ բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։

Ազգային ժողովի վավերացմանը ներկայացված համաձայնագրերով նախատեսվում է վարկերը վերցնել եվրոյով, քանի որ, ըստ փոխնախարարի, եվրոյով վարկերը ավելի լավ պայմաններով ենմ առաջարկվել։ Իսկ 4 համաձայնագրերից Հայաստանը ստանալու է հետևյալ վարկերը․

  • 45,8 մլն եվրո – Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ,
  • 9,1 մլն եվրո – Ասիական զարգացման բանկ,
  • 40 մլն եվրո – Վերականգնման վարկերի բանկ (KfW),
  • 36,5 մլն եվրո – Ասիական զարգացման բանկ։

Համաձայնագրերը կնքվել են նոյեմբեր ամսվա ընթացքում և մինչև հիմա անցնում էին Հայաստանի ներքին ընթացակարգերը՝ վավերացվելու համար։ Ֆինանսների նախարարի տեղակալը Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ գումարները անհրաժեշտ են 2019 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացումն ավարտելու համար։