Կառավարությունը բիզնեսին աջակցություն ցուցաբե...

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը, արդրադառնալով կորոնավիրուսի խնդրին, նշել է. «Այս դժվար պահին մենք պետք է գրագետ քայլերով գնանք առաջ, և այս ճգնաժամի արդյունքում պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը և հանրությունը, Արցախն ավելի ուժեղացած դուրս գան:

Երեկ կառավարությունում քննարկել ենք Հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: Մեր որոշումը միանշանակ է՝ կրկին և կրկին: Մենք  մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ նախաճգնաժամային տնտեսական վիճակը լավն էր Հայաստանի Հանրապետությունում: Մենք  մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել ետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Եվ այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը՝ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք և, իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը: Եվ այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն: Իհարկե, հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է, և մենք պիտի առերեսվենք և համարժեք քայլեր ձեռնարկենք նաև այդ սոցիալական մարտահրավերների կապակցությամբ: Բայց շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը, որ մենք իրականացնենք՝ լինեն արդյունավետ, հասցեական,  արդար, որովհետև պետք է նաև հիշենք  մեր պատմության ճգնաժամային սոցիալական ծրագրերն ու դրանց հետևանքները,  երբ շատ հաճախ սոցիալական ծրագրերը կամ սոցիալական օգնությունները կենտրոնանում էին մի քանի տեղերում և սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսներ էին տեղի ունենում: Մենք այսպիսի երևույթները պետք է բացառենք»:

Վարչապետն այնուհետև անդրադարձել է միջոցառումների ծրագրին, որով մոտավորապես 25 մլրդ դրամ հրատապ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկվի: «Եվս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Եվ երրորդը՝ կունենանք մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,-ասել է կառավարության ղեկավարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի առաջին փաթեթից, որն այսօրվանից դրվելու է հանրային քննարկման: Ծրագրի նպատակն է օժանդակել աշխարհում կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև  կապիտալի և հումքի գլոբալ միջազգային շուկաների անկայունության հետևանքով ՀՀ տարածքում առանձին  տնտեսավարողների մոտ առաջացած ընթացիկ լիկվիդայնության հետ կապված հնարավոր խնդիրների լուծմանը: «Ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է՝ վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում՝ դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով»,-  ասել է Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ  կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա ուղղակի բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակ:

Փոխվարչապետի խոսքով՝ դա  հնարավորություն կտա բիզնեսին  հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե՛ աշխատակիցներին, թե՛ ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել և այլն: «Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս վիճակում նայել, հետևել և մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ այդմ՝ բիզնեսին առաջարկվում են  ճգնաժամային, վարկային պորտֆելներ: «Դրա էությունը հետևյալն է՝ 50 տոկոսը ֆինանսավորման իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը, այսինքն՝ տնտեսավորողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ, ֆինանսավորում է ստանում: Այս միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով, և ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Այսինքն՝ ընկերություններին, եթե ունեն դժվարություններ աշխատողներին աշխատավարձ վճարելու, ասում ենք՝ փողը կտանք բանկերի հետ համատեղ, դուք վճարեք առանց տոկոսի, այսինքն՝ որևէ տոկոս չի առաջանում, պետությունը վճարում է տոկոսը»,- ասել է վարչապետը:

Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով ու վարկառու տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորություններ: «Այսինքն՝ արտադրությունը կազմակերպելու համար: Սարքերի և սարքավորումների, այդ թվում գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությանը ընդլայնելու նպատակով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

 Հաջորդը՝  էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացումն է, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 միլիոն դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար: «Առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, այն դեպքում երբ գնված և ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում: Պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում և ներմուծում այն դեպքում, եթե ներմուծվող ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջներն են՝  վարկը պետք է լինի ՀՀ դրամով, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել արտարժույթով, բայց Հայաստանում, կառավարության կողմից տրվող մասը լինելու է դրամով: Ժամկետը մինչև 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 միլիոն դրամին համարժեք է, սակայն համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 250 միլիոն դրամը: Վարկային միջոցների օգտագործման կարգը միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով է, առավելագույն ինտեգրալ տոկոսը 0-ից մինչև 6 տոկոս տարեկան՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն ծրագրով սահմանված կանոնից: «Այստեղ նաև համաֆինանսավորման չափերի հետ կապված խնդիր կա, առաջարկվում է աշխատավարձի պարագայում համաֆինասավորում՝ մինչ 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում՝ 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»,-ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, ներկայացված փաթեթը երկու օր հանրային քննարկում կանցնի, որի արդյունքներով՝ կլրամշակվի:

Անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.   «Հարկային արձակուրդի գաղափարը վատ գաղափար ենք համարում, որովհետև մի կողմից ասվում է, որ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, նույն նախադասությունից հետո ասում են՝ կառավարությունը բոլորին հարկային արձակուրդ պետք է տա: Եթե կառավարությունը բոլորին հարկային արձակուրդ պետք է տա կամ ոչ բոլորին, ապա այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորական հարկերը, վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող արհամարհել, դրա համար կառավարությունը միջոցներ է ներդնում, այսինքն՝ քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը:

Պայմանավորվել ենք, որ բանկերը, վարկերի հետ կապված, պետք է անհատական աշխատեն իրենց հաճախորդների շրջանակների հետ: Այո, մենք համարում ենք, որ կարող են լինել որոշակի սոցիալական ճգնաժամային երևույթներ: Դրա համար նախատեսել ենք 25 մլրդ դրամի չափով սոցիալական աջակցության փաթեթ, բայց այս փաթեթը պետք է լինի հասցեական, որ հասնի նրանց, ովքեր դրա կարիքն իրականում ունեն»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ օժանդակության փաթեթները պետք է ուղղված լինեն կոնկրետ բիզնեսի, ընկերությունների դիրքերը լավացնելուն, որովհետև հիմա կա մի ընդհանուր ընկալում, որ այս կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս նախկինը չի լինելու:

«Մեր ուղերձը մեր բիզնեսին և մեր հանրությանն այն է, որ հիմա իսկապես այդ ինտելեկտուալ վերլուծական աշխատանքի ժամանակն է և բոլոր բիզնեսները, բոլոր գործունեության տեսակները վերակազմակերպելու և վերանախագծելու ժամանակն է, որպեսզի այդ բիզնեսները, այդ գործունեության տեսակները մրցունակ լինեն ետկորոնասվիրուսային աշխարհում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ կարող են ասել, թե ինչի  է կառավարությունը բանկերին ներգրավում այս գործընթացի մեջ, վարչապետը նշել է. «Դրա համար կա շատ հիմնավոր պատճառ՝ կառավարությունը  սովորաբար ծրագրերը գնահատելիս շատ ավելի հեշտ է տրվում էմոցիանալ ճնշումների և մենք կարող ենք էմոցիոնալ որոշումների հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել: Մեզ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի ռիսկ որոշակի վերցնել, ռիսկով որոշակի գնահատում իրականացնել: Բայց մենք հասկանում ենք նաև, որ այստեղ էլ ամեն ինչ իդեալական չէ, դրա համար մենք երեկ քննարկեցինք, որ այս ծրագիրը գործարկելուց հետո անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, կտեսնենք՝ ինչ-որ բան չի աշխատում, մենք բովանդակության մեջ փոփոխություններ կանենք»:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ տնտեսական, հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբը դե ֆակտո ձևավորված է. «Դա կառավարության տնտեսական բլոկն է: Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նաև Ազգային ժողովի ներկայացուցիչներ կան ներգրավված: Մենք մեր մատը պահելու ենք տնտեսության զարկերակի վրա, և ամեն օր անհրաժեշտ փոփոխություններ կիրականացնենք և ազդակներից կանենք հետևություններ»:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ  ամեն օր խուճապային բովանդակությամբ նամակներ է ստանում: «Կառավարությունը խուճապի չի մատնվելու, կառավարությունը  զգացմունքային, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք բոլորովին նոր դեմքով, նոր ուժով, նոր իմիջով»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական աջակցության պարագայում ամեն կոնկրետ որոշում պետք է ունենա հիմնավորվածությունը: «Մենք հստակ կանոնների գծեր չենք սահմանում, որովհետև հիմա ոլորտներ կան, որոնք անսպասելիորեն վերջին մեկ ամսվա ընթացքում հնարավոր է դարձել են ամենաշահութաբեր ոլորտներից: Բայց մյուս կողմից այս դեպքերն էլ մենք պետք է դիտարկենք, որովհետև շատ հնարավոր է, այդ ընկերությունները ունեն աջակցության կարիք, որպեսզի երկարաժամկետ առումով լինեն ավելի մրցունակ»,-նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով  պարենային ապահովվածության հարցին՝ վարչապետը նշել է, որ այդ առումով խնդիրներ չունենք: «Հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է՝ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք: Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի՝ 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ իմ ձեռքի տակ տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն,  15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ և այդպես շարունակ՝ արևածակի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ: Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզելային վառելիքով և ներմուծվում էլ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցել է, որ, մասնավորապես, հանրապետությունում  բենզինի առնվազն 3 ամսվա, իսկ դիզելի՝ 1,5 ամսվա  պաշար կա:

Ընդլայնվել է  պատվովճար ստացող մարզիկների ցանկը

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2015 թ.-ին ընդունած  «ՀՀ հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ–ում բնակվող ՀՀ և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվում է որոշումը լրացնել ՀՀ քաղաքացի հանդիսացող, ՀՀ-ում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին ու մրցանակակիրներին տրվող պատվովաճարների չափերով, որոնք նախկինում որպես լրավճարներ նախատեսված էին ՀՀ կառավարության 2015 թ. դեկտեմբերի 17-ի  համապատասխան որոշմամբ՝ օլիմպիական խաղերի չեմպիոնների համար 100.000 դրամի չափով, որն այժմ առաջարկվում է դարձնել 200.000 ՀՀ դրամ: Առաջարկվում է օլիմպիական խաղերի 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկների համար նախատեսել պատվովճարների վճարում, համապատասխանաբար՝ 140.000 և 100.000 ՀՀ դրամ, ինչը նախկինում նախատեսված չի եղել, ինչպես նաև պատվովճարի տրամադրում օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկին՝ նախկին 55.000 ՀՀ դրամի փոխարեն 100.000 ՀՀ դրամ: Ընդ որում նշված պատվովճարների վճարումը նախատեսվում է մարզիկներին տրամադրել ցմահ:  Որոշմամբ նախատեսվում է նաև ամսական պատվովճարի տրամադրում, մասնավորապես, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին, շախմատի համաշխարհային օլիմպիադայում 2-րդ և 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկներին, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկներին:

Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստերը կանցկացվեն էլեկտրոնային եղանակով՝ որոշումները  կկայացվեն կարճ ժամանակահատվածում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2018 թ. ապրիլի 26-ին ընդունած «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» որոշման մեջ, որով սահմանվում է քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը: Ըստ հիմնավորման՝ ներկայում հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ քան Ոստիկանության կողմից քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան եզրակացությունների ստացման հաջորդող երկու ամսվա ընթացքում: Հանձնաժողովի նիստերն անցկացվում են բաց քվեարկության միջոցով: Քվորումն առկա է եթե նիստին մասնակցել են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նման կարգավորման պարագայում հաճախ հանձնաժողովի նիստերը քվորում չլինելու պարագայում հետաձգվել են: Ուստի փոփոխություններով առաջարկվում է հանձնաժողովի նիստերն անցկացնել էլեկտրոնային եղանակով, որին կմասնակցեն հանձնաժողովի բոլոր անդամները՝ տրամադրելով նրանց համապատասխան տեղեկատվություն քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև բացասական եզրակացությունների դեպքում՝ դրանց իրավական հիմքերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն: Արդյունքում կապահովվի առավել մատչելի ընթացակարգ հանձնաժողովի անդամների համար: Նախագծով սահմանվում է եռօրյա ժամկետ հանձնաժողովի անդամների համար ամփոփաթերթին ծանոթանալու և քվեաթերթիկը լրացնելու համար: Միևնույն ժամանակ, չի սահմանափակվել հանձնաժողովի ղեկավարի կամ անդամների իրավունքը հրավիրել հանձնաժողովի նիստ, եթե առկա է դրա անհրաժեշտությունը:

Այլ որոշումներ. արտոնություններ են տրամադրվել ներդրումային հերթական ծրագրերին

Կառավարությունը բավարարել է «Սթիլ կոնցեռն» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ցինկապատ մետաղական տանիքի ծածկերի, ջրահեռացման համակարգերի և համալրող այլ աքսեսուարների, եվրոդռների և եվրոլուսամուտների գիպսակարդոնե պրոֆիլների արտադրության համար՝  իրականացնել 14 մլրդ դրամի ներդրում ցանկում ներկայացված հումքի ձեռքբերման և 228 մլն դրամի ներդրում հոսքագծի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 48 աշխատատեղ, կստեղծվի 30 նոր աշխատատեղ` 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 17 մլրդ դրամ, որից 16 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 700 մլն դրամ:

Կառավարության որոշմամբ «Բիտգեյմինգ» ՓԲԸ-ն ներառվել է «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունն  ազատ տնտեսական գոտում գործունեություն կծավալի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 1 050 000 ԱՄՆ դոլար: Արդյունքում  կստեղծվի 20 նոր աշխատատեղ` մոտ 190 000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերության վարչական անձնակազմի համար տրամադրվելու է մոտ 46․68 քմ գրասենյակային տարածք՝ 5 տարով:          

Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրատվության մասին» ՀՀ կառավարության որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի շենքերի կառուցման համար: Հիմնավորման համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարում կայացած ինստիտուցիոնալ համակարգի կայացման և շարունակական զարգացման տեսանկյունից կարևորվում է նաև հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծումը, որը պետք է օգտվի բավարար մարդկային, վարչական և նյութական ռեսուրսներից, ինչը կհանգեցնի մասնագիտացված դատավորների կողմից գործերի առավել որակյալ, բազմակողմանի և արդյունավետ լուծմանը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը նոր հարթակի վրա կարող է բարձրացնել կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարի արդյունավետության աստիճանը` խթանելով դրա զարգացումը:

Վարչապետի որոշմամբ կառավարաության նիստի օրակարգից հանվել են՝ 7-րդ, 17-րդ, 20-րդ հարցրերը՝ նախագծերում առկա խնդիրների շուրջ լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու նպատակով: