Կառավարությունը արտոնություն տվեց «ֆեյք» գործ...

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրել «Ինթերնեշնլ Մանուֆաքչրինգ գրուպ» փակ բաժնետիրական ընկերությանը։

Նախագիծը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդորւմների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ ծրագրի իրականացման ընթացքում ներդրումների չափը կհասնի 4.87 մլրդ ՀՀ դրամի: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 60-70 նոր աշխատատեղ՝ 200,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Նկատենք, որ կառավարությունը արտոնություն է տրամադրում մի գործարանի, որը իրականում չի գործում։ Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց այս գործարանի «բացմանը», սակայն որոշ ժամանակ անց Antifake.am  կայքը պարզեց, որ գործարանը իրականում չի գործում։ Լրատվականի այս լուրը հերքեցին կառավարությունից, սակայն նոր փաստեր ներկայացրեց Փաստերի ստուգման հարթակը՝ fip.am և պարզվեց, որ «1000 դրամների» հիմնադրամի կայքում չկա տեղեկություն ընկերության գրանցված աշխատողների քանակի մասին։ Հիշեցնենք, որ ըստ վարչապետի կայքում ներկայացված հրապարակման՝ գործարանը պետք է սկզբնական փուլում ունենար 70-80 աշխատատեղ։

Եվ հիմա կառավարությունը նույն գործարանին արտոնություն է տալիս և հայտարարում, որ կբացվի 60-70 աշխատատեղ։ Սա այն դեպքում, երբ ըստ կառավարության՝ 70-80 աշխատատեղ արդեն պետք է բացված լիներ։ 

Ի դեպ, պետք է նկատել, որ ընկերությունը անգամ ներդրումների մասով իրար հակասող տվյալներ է փոխանցում, եթե դեկտեմբեր ամսին վստահեցնում էին, որ 70-80 աշխատողների դեպքում անելու են  4,5 մլն դոլարի ներդում, ապա հիմա, նվազեցնելով աշխատողների թիվը, վստահեցնում են, որ ներդրումը կլինի ավելի քան 9 մլն դոլարի սահմաններում։