Կառավարությունը 90 մլն դրամ հատկացրեց Ռուսաստ...

Հայաստանի կառավարությունը 90 միլիոն դրամ կուղղի զբոսաշրջային ոլորտի մարկետինգային ծառայություններին, հիմնականում՝ Ռուսաստանից, Վրաստանից և Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների համար։ Այս մասին նախագիծը կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նաև զեկուցեց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 12,8 տոկոսով, ընդ որում՝ Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների աճը եղել է 19,7 տոկոս։

Մյուս ուղղությունը՝ Վրաստանը, պայմանավորվածության արդյունք է․ Վրաստան ժամանողներին այնտեղ կտեղեկացնեն Հայաստան նույնպես այցելելու հնարավորության մասին, և հակառակը։ Խաչատրյանն ասաց, որ դրա արդյունքներն արդեն տեսանելի են, հատկապես Եվրոպայից ժամանող զբոսաշրջիկների դեպքում։

Ինչ վերաբերում է Չինաստանին, այս ուղղությունը, ըստ Խաչատրյանի, որոշվել է զարգացնել այն բանից հետո, երբ Չինաստանի հետ կնքվել է առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին համաձայնագիրը։ 2018 թվականին, ըստ նախարարի, Չինաստանից ժամանող զբոսաշրջիկների թիվը եղել է մոտ 10 հազար, այն դեպքում, երբ մինչ այդ գրեթե զրոյական մակարդակ է եղել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում մտցրեց թվերի անհամապատասխանության վերաբերյալ, քանի որ մինչ այս տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան ժամանող օտարերկրացիների թիվն աճել է 14,4 տոկոսով։ Փաշինյանն ասաց, որ թվերը տարբերվում են, քանի որ Հայաստան ժամանող ոչ բոլոր օտարերկրացիներն են, որ զբոսաշրջիկներ են․ կան նաև գործարար նպատակներով Հայաստան եկողներ, ինչը նույնպես դրական է։