Կառավարությունը 10 մլն եվրո կուղղի Արարատում...

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և «Զարգացման ֆրանսիական գործակալության» միջև 10 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Դրանով իրականացվող «Հայաստան-Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումն Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության և ներդրումների միջոցով արդի ոռոգման զարգացումը՝ վերացնելով ջրի պահեստավորման, ոռոգման ենթակառուցվածքների, հողերի կոնսոլիդացիայի, խորհրդատվական ծառայությունների ու վարկերի հասանելիության հետ կապված խոչընդոտները:

Այն ուղղված է դեպի Արարատի և Արմավիրի մարզեր, որոնք, ունենալով շուրջ 500,000 բնակչություն և 65 տոկոս ոռոգելի հողատարածք, հնարավորություն ունեն Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի արդիականացման համար նշանակալի լծակներ բերելու:

Ծրագիրը բաղկացած է 4,4 միլիոն եվրո կազմող «Տեխնիկական աջակցության» բաղադրիչից և 5,6 միլիոն եվրո կազմող «Ներդրումային դրամաշնորհի» բաղադրիչից։