Կանայք, ովքեր իրական գլխացավանք են դարձել իրե...

Ասում են, ուժեղ ղեկավարի կողքին ոչ պակաս ուժեղ կին է կանգնած։ Պատմությունը նման բազմաթիվ դեպքեր գիտի, երբ պետությունների ղեկավարների, առաջնորդների կանայք ոչ պակաս կարեւոր դերակատարություն են ունեցել պետության կյանքում կամ քաղաքական դաշտում։

Եվա Պերոնից մինչեւ Նադեժդա Կրուպսկայա եւ շարքը կարելի է թվարկել դեռ երկար։ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո որոշակիորեն փոփոխություն տեղի ունեցավ նաեւ ղեկավարների կանանց պահվածքի հետ կապված։ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Բելլա Քոչարյանը, Ռիտա Սարգսյանը թեեւ իրենց կարգացիճակին հարիր հասարակական բարսիրական գործունեությամբ էին զբաղված, սակայն հասարակության մեջ երեւում էին միայն ներկայացուցչական-արարողակարգային դերակատարությամբ եւ սովորաբար չէին խառնվում պետության գործերին այնքան ակնհայտ եւ քաղաքականությանն այնքան բացահայտ, որքան «թավշյա իշխանավորների» կանայք։

Աննա Հակոբյանը, եթե հավատանք մամուլի եւ սոցիալական մեդիայի հրապարակումներին, կարելի է ասել, դարձել է Հայաստանի ստվերային կամ խորքային կառավարության ղեկավարը։ Ոչ պակաս ակտիվ է նաեւ Արարատ Միրզոյանի տիկինը՝ Գոհար Աբաջյանը՝ տարատեսակ քաղաքական, իրավական եւ այլ բնույթի հարցերին իր խառնվելով, իսկ Հայկ Մարությանի կինն էլ Երեւանի չթագադրված քաղաքապետի վիճակում արդեն կադրային հարցեր է լուծում, առաջացնելով դժգոհություն քաղաքապետարանում։ Հետսովետական տարածքում սա կարելի է ասել աննախադեպ բան է։

Խորհրդային ավանդույթը, որը ժառանգվել է նաեւ մեզ, թելադրում է լրիվ այլ բան։ Օրինակ ասում են, որ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետեւողական է եղել, որ տիկին Լյուդմիլան նույնիսկ չափից դուրս շատ չերեւա էկրաններին, քանի որ առաջին լեդիի կարգավիճակը չի թելադրում հաճախակի էկրաններին լինել։ Նույնն էր նաեւ մյուս առաջին լեդիների դեպքում։ Նունե Սարգսյանն էլ հիմա, որպես առաջին լեդի /նախագահի տիկինը առաջին լեդին է, Աննա Հակոբյանը առաջին լեդի չէ, այլ ուղղակի վարչապետի տիկին/ պահպանում է այդ ավանդույթը։

Աննա Հակոբյանից հետ չի մնում նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Նա նույնպես բավական ակտիվ է սոցիալական հարթակներում։ Աբաջյանը մի քանի անգամ փորձել է թիրախավորել տարբեր լրատվամիջոցների, որոնք քննադատում են իշխանություններին, որի արդյունքում ինքն ու իր ամուսինն են հայտնվել հանրության թիրախում։ Գոհար Աբաջյանը չի խորշում նաև կեղծ տեղեկություններ տարածելուց, ըստ էության հանուն ամուսնու իշխանական թիմի նա պատրաստ է գնալ ինքնազոհության, սակայն միշտ բացասական արդյունքներով է դուրս գալիս իրավիճակից։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը նոր ռեկորդներ է սհմանում։ Նա իրական գլխացավանք է իր քաղաքապետ ամուսնու համար։ Իրավիճակն այնքան է բարդացել, որ ավագանու անդամներ, քաղաքապետարանի աշխատակիցներ պնդում են, որ իրական քաղաքապետը Իվա Մարությանն է։ Նկատենք, որ նման նախադեպ երբեք չի եղել Հայաստանում։ Մարությանի կինը, ըստ էության Երևանի ստվերային քաղաքապետն է։