Կանա՞չ, կապու՞յտ, սև՞, թե՞ սպիտակ Սևան

Մինչ վերջին շրջանում հաճախակի քննարկվում է Հայաստանի «մարգարտի»՝ կապույտ Սևանի կանաչելու հարցը, կառավարության դիմաց միայնակ բողոքոի ակցիա իրականացնող Արկադի Գալստյանը պնդում է, որ Սևանը սպիտակ է, բայց «սևի տեղ են դրել»:

« Սևանը սև չէ. սա շատ խորը իմաստ ունի: Քանի որ մեր «սրբազան» վարչապետի գալստով Հայաստանը բաժանվեց «սևերի» և «սպիտակների»: Ով որ ՔՊ-ից չէ, սև է: Հիմա էլ Սևանն են «սև» դրաձրել»,-ասում է քաղաքացին:

Սա Արկադի Գալստյանի առաջին բողոքի ակցիան չէ. իր խոսքով՝ ամսվա կեսը բողոքի ակցիա է իրականացնում՝ ամենատարբեր պահանջներով: «Ես ասում եմ, կանեն՝ կանեն, չէ՝ չէ»,-նշում է նա:

Ցուցարարի խոսքով՝ կառավարությունը հա՛մ աչքերն է փակել, հա՛մ ականջները: «Ոնց կարելի է ամեն հինգշաբթի նույն դեմքերին տեսնել այստեղ ու որևէ մեկի հարցին լուծում չտալ: Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ պետական կառավարման մարմինները մի գործելաոճ ընտրեն, որով քաղաքացու խնդիրը փորձեն ինչ-որ կերպ լուծել: Իրենք ամեն առիթ ման են գալիս, որպեսզի մերժեն: Մերժելիս էլ որևէ իրավական հիմք չեն ներկայացնում»,-դժգոհում է Արկադի Գալստյանը: 

Վերջինիս խոսքով՝ հանցավոր անգործությունն արդարացնելու ամենահեշտ միջոցն է նախորդ իշխանություններին քննադատելը, ինչն էլ որդեգրել է ներկայիս իշխանությունը.«Եթե հանդիսանում ես հանցագործի իրավահաջորդը, ժառանգում ես նաև պարտականությունները: Բայց վերցրել են իրավունքն ու ասում են՝ պարտականությունն իրենցը չէ»: