Կադրերի հարցում լինելու եմ անզիջում. Արայիկ Հ...

«Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը երտասարդների հետ հանդիպման ժամանակ հավաստեց, որ Արցախում 2020 նախագահական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պետական կառավարման ոլորտում կադրերի հարցում լինելու է անզիջում։

«Բոլոր պաշտոններում աշխատանքի հնարավորություն են ստանալու միայն նրանք, որոնք հանրության կողմից բարի համբավ են վայելում, ովքեր պաշտոն ստանալուց հետո չեն փակվելու աշխատասենյակներում եւ շրջապատն ընկալելու են ծառայողական մեքենաների ապակիներից դուրս: Այո ՛, սա լինելու է կարեւոր նախապայմաններից մեկը»,- հավաստել է նա:

Հարությունյանը նաեւ ընդգծել է ամուսնությունների խրախուսման քաղաքականության վերանայումը: «Եթե 2008թ.-ին այդ նպատակով կառավարության կողմից ներդրվեց 300.000 ՀՀ դրամի միանվագ տրամադրման ծրագիրը, որը կարեւոր աջակցություն համարվեց պետության կողմից, սակայն ամբողջությամբ չլուծեց խնդրի ֆինանսական կողմը, կարծում եմ, ժամանակն է, հաշվի առնելով նաեւ առկա հնարավորությունները, ավելացնել այդ գումարի չափը՝ սահմանելով 1 մլն դրամ:

Սակայն սա ինքնանպատակ չէ, քանի որ նոր ընտանիքների ստեղծումը եւ ժողովրդագրական աճին նպաստելը պետական քաղաքականության ռազմավարության կարեւոր նպատակներից են:

Դա նաեւ մեր յուրահատուկ պայքարն է ավանդական ընտանիքի՝ որպես մնայուն արժեքի հանդեպ արվող բոլոր ոտնձգությունների դեմ: Այն կոչված է պահպանելու հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության կարեւորությունը՝ տոնական սեղանի շուրջ համախմբելու ծանոթ-բարեկամներին, ինչը կարծես թե կորցնում է իր տարածականությունը մեր հասարակության մեջ», - ասել է Հարությունյանը: