Երկրի համար անգամ այս ծանրագույն վիճակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր բլոգերական գործունեությունը։ Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ երկուշաբթի օրը երեք ժամ ուղիղ եթերում կլինի և կպատասխանի քաղաքացիների հարցերին։ Նախապես Փաշինյանը տեղեկացրել է, որ պատասխանելու է ամենաշատ լայքերը հավաքած հարցերին։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ լայքերից հանվելու են դիսլայքերը․ «Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike-երի հաշվարկը կկատարվի հետեւյալ բանաձեւով՝ Like մինուս dislike եվ այլ արձագանքներ»,-գրել է վարչապետը։
Միանգամայն հասկանալի է, թե Փաշինյանն ինչու՞ է հարցերի ընտրման նման պրիմիտիվ և անլուրջ մեխանիզմ դնում։ Փաշինյանն այդ կերպ կխուսափի բովանդակային և խնդիրներ բարձրացնող հարցերից։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ իշխանություններն ունեն ֆեյքերի բանակ ու շատ հանգիստ կարող են անգամ ամենահիմար հարցը դարձնել ամենաշատ լայքեր հավաքածը։ Որպեսզի պնդումը մերկապարանոց չհնչի, բերենք մի քանի օրինակ։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Վարդան Հարությունյանը, վարչապետ Փաշինյանին հարցրել է, թե երբ են պատժելու «դեղին մամուլի» ղեկավարներին․ «Պարոն Փաշինյան, ե՞րբ պիտի վերջնականապես մեծ պատիժների արժանանան դեղին մամուլի ղեկավարները, որոնք տարածելով սուտ լուրեր (օրինակ՝ վերջերս էլ Քաղավիացիայի հետ կապած) անպատիժ են մնում և մեզ, Ձեզ ու Ձեր ընտանիքին վիրավորող (նույնիսկ պոռնոգրաֆիկ, իսկ դրա համար քրեական պատասխանատվություն է հասնում) ծաղրանկարներով ու ամենավերջին հայհոյանքներով ողողված Ֆեյսբուքյան պրոֆիլների հեղինակներին խստագույն ձևով պատժեք»։ Այս հարցը հավաքել է ավելի քան 2400 հավանում ու ամենահավանական հարցերից մեկն է, որին պետք է պատասխանի Փաշինյանը։
Այս ֆոնին կանտեսվի գործարար Նորայր Գևորգյանի հարցը, որում նա կարևորագույն խնդիր է բարձրաձայնում, որը մեծ նշանակություն ունի Հայաստանի տնտեսական կյանքի համար․«Պարոն Փաշինյան, Վերին Լարսի անցակետում տիրում է ահավոր վիճակ, չկա ոչ մի առավելություն ՀՀ դեպի ՌԴ գնացող և դեպի ՀՀ եկող ոչ մի բեռի համար, ոչ մի հայկական մեքենայի համար. ձեզ չեն զեկուցում թե ինչ է կատարվում, հարցը ոչ եղանակային պայմաններն են, ոչ էլ կարանտինը. օսեթական մաքսավորները անում են այն, ինչ ուզում են, ամեն մեքենայից միչև 10000 ռուբլի փող են ուզում ուղղակի ձևակերպելու համար, ով փող չի տալիս կամ քիչ ա տալիս, կանգնում ա օրերով. միչև 9 օր կանգնած հայկական մեքենաներ կան. գրեթե բոլոր ալկոհոլով մեքենաները զննման են տանում, զննման սպառնալիքի տակ ամեն մեքեայից վերցնում են մի քանի արկղ առանց թուղթ և առանց պատճառ(շեֆի համար). արհամարհանք ՀՀ ի նկատմամբ. չկա կանաչ միջանցքը, հավատացեք, չի լինի եթե դուք դրանով չզբաղվեք. միայն քաղաքական պայմանավորվածությունը բավարար չէ»։ Գործարարի այս հարցը հավաքել է 130 հավանում։
Այս ամենից ակնհայտ է դառնում, որ վարչապետ Փաշինյանը երեք ժամանող ուղիղ եթերը պարզապես «թող փչելու» գործընթաց է։ Սա շոու է, որով այս օրերին փորձում են իշխանությունները զբաղեցնել հասարակությանը։ Փաշինյանի հերթական անբովանդակ ուղիղ եթերը օճառայի օպերայի է նմանվում։
Եվ եթե շարժվենք վարչապետ Փաշինյանի տրամաբանությամբ ու որևէ հարց, հրապարակում և ուղիղ եթեր գնահատանեք իր հավաքած հավանումներով, ապա Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերները արդեն «լուրջ» մրցակից ունեն։
Փաշինյանական տրամաբանության մեջ հիմա հասարակության համար կրոևագույն դեր են կատարում նորահայտ ֆեյսբուքյան աստղ Ջոնի Բրջոնին, որի ֆեյսբուքյան ուղիղ եթերներին հետևում են տասնյակ հազարավոր, երբեմն նաև հարյուր հազարների հասնող քաղաքացիներ։ Ջոնի Բրջոնին նույնպես բովանդակություն չի փոխանցում՝ նա երգում է իր սրտի ռաբիզ երգերը, պատասխանում ամենաշատ լայքեր հավաքած հարցերին։
Եվ հիմա վարչապետի ուղիղ եթերը լուրջ վտանգի առաջ է կանգնած, քանի որ իր ընտրողների ծանրակշիռ մասը ակնդետ հետևում է Ջոնի Բրջոնիին ու վարչապետի ուղիղ եթերը կարող է տապալվել, եթե երկուշաբթի օրը նույն ժամին ուղիղ եթերում լինի նաև ֆեյսբուքի նորահայտ աստղը։