Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կա...

Ջերմուկի և Ամուլսարի ստորգետնյա ջրերի միջև կապ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Ամուլսարի գործով եզրակացության վերջնական արդյունքները, նշեց Քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը: Նա ընդգծեց՝ նույնիսկ երկրաշարժի դեպքում այդ ազդեցությունը կրած ջրերը չեն հասնելու Ջերմուկի տարածք:

Իվանյանը հայտնեց, որ ուսումնասիրությունն իրականացրած փորձագետներին տրամադրվել են բոլոր ելակետային տվյալները՝ օբյեկտիվ եզրահանգումների հասնելու համար, ապա տեղեկացրեց՝ քրգործի վարույթը շարունակվում է: Նա նշեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության ստանձնած մեղմման միջոցների արդյունքում բնապահպանական ռիսկերը կլինեն վերահսկելի:

Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց՝ իրենք հանքի շահագործման թույլտվություն տալու կամ շահագործման արգելելու իրավասությամբ օժտված չեն, այդ գործընթացը նախատեսված է գործող օրենսդրությամբ, և իրավասու մարմիններն են այդ հարցը լուծելու: