«Իսլամական պետություն»-ը Թուրքիային սպառնացող...

«Իսլամական պետություն»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի տեսանյութ, որտեղ ԻՊ անդամները թուրքերեն սպառնալիքներ են հնչեցնում Թուրքիայի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Gazeteduvar»-ը:

Տեսանյութում ԻՊ-ի հինգ անդամներ են, որոնցից մեկը՝ Աբու Քաթադա ալ Թուրքին, թուրքերեն է խոսում: Անդամները նաև իրենց նվիրվածությունն են հայտնում ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր ալ Բաղդադիին:

«Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումը հռչակվել է 2014թ. հունիսի 29-ին Սիրիայի հյուսիսարևելյան և Իրաքի հյուսիսարևմտյան շրջաններում: Կարճ ժամանակամիջոցում այն իր վերահսկողության տակ է վերցրել մեծ տարածքներ: ԻՊ-ի նպատակների հիմքում ընկած է պանիսլամիզմի գաղափարախոսությունը: Նրանց հիմնական նպատակն է վերականգնել խալիֆայության ինստիտուտը (այն վերացրել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը) և միավորել աշխարհի բոլոր մուսուլմաններին: