Իսկ Ղարաբաղյան բանակցությունները ընթանում են...

Արդեն քանի օր է, ինչ եւ հայկական եւ ադրբեջանական մամուլում խոսվում է հայաստանցի եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցելություն կատարելու մասին։ Ընդ որում, ըստ ադրբեջանական աղբյուրների հաղորդման, ադրբեջանցի լրագրողները Հայաստան պետք է ժամանած լինեին երեկ ու մնային մինչեւ այսօր, իսկ հայաստանցի լրագրողները՝ ամսի 17-ին պետք է մեկնած լինեին Բաքու։

Որքան էլ զարմանալի է եւ Երեւանում, եւ Բաքվում այս մասին նախընտրում են լռել, նույնիսկ այն դեպքում, երբ նախնական հաստատում արվում է նման այցելության։ Թե ինչու են երկու մայրաքաղաքներում որոշել «մախաթը պարկում թաքցնել» դժվար է ասել։ Սակայն հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսել էր, ներկայացնելով որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների համար վստահության մթնոլորտի ձեւավորման համար անհրաժեշտ միջոցառում, ի թիվս այլ միջոցառումների։

Լավրովը նաեւ խոսել էր այն մասին, որ հնարավոր է հայկական եւ ադրբեջանական կողմերը իրականացնեն իրենց մոտ հակառակ կողմի քաղաքացի հանդիսացող անձանց փոխանակություն։ Հայտարարությունից հետո, իհարկե կեսբերան հերքումներ, հակադարձումներ եղան, հատկապես երբ Բաքուն իր ահաբեկիչ սահմանախախտների վրա շեշտադրում արեց, իսկ Երեւանն էլ մատնացույց արեց կոնկրետ այդ դեպքի համար Ստեփանակերտին, որ ահաբեկիչները Ստեփանակերտի իրավազորության ներքո են ու Արցախն է որոշելու։

Եվ կրկին, բավական աննկատ կերպով մի հետաքրքիր հրապարակում հայտնվեց այն մասին որ ԿԽՄԿ ներկայացուցիչները երկու կողմերում էլ այցելել են հակառակ կողմի քաղաքացի հանդիսացող անձանց, որոնք պահվում են որպես ազատազրկված։ Չի կարելի չֆիքսել, որ ըստ էության Լավրովի ասածը իրականանում է ամբողջությամբ, կամ իրականացման ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տեղաշարժեր կան եւ բանակցային պրոցեսն ընթանում է իր «հունով»։

Այլ է հարցը, որ անհարկի գաղտնապահություն է դրսեւորվում լրագրողների փոխայցելության հետ կապված։ Ի վերջո, ըստ կարգավորման տրամաբանության, նմանատիպ այցերը զուտ վստահության մթնոլորտ ձեւավորելու համար են, այսպես ասած հորիզոնական դիվանագիտության տարրեր, ու ավելորդ խորհրդապահությունը նվազեցնում է դրանց արդյունավետությունը։