Իսկ ու՞ր է Նիկոլ Փաշինյանը, ինչու՞ է նա լռում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին արած հայտարարությունից եւ դրան հետեւած՝ պաշտոնական Բաքվի մեկնաբանություններից հետո, տրամաբանական է, որ պետք է նաեւ Երեւանում, բացի Զոհրաբ Մնացականյանից, հայտարարություն հնչեցներ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հատկապես, որ հարցրե կան ուղղված հենց նրան, նկատի ունենալով, որ դեռ հունվարին Կապանում վերջինս մեղմ ասած իրեն «ճղում էր» ասելով, թե բանակցային սեղանին որեւէ փաստաթուղթ չկա, այն դեպքում, երբ Լավրովը պարզ ասաց, որ առնվազն անցյալ տարվա ապրիլից սկսած ակտիվորեն քննարկվում է փուլային կարգավորման տարբերակը, ինչը ենթադրում է ԼՂ որոշ տարածքների հանձնում, ապաշրջափակում եւ այլն։

Շատ հետաքրքրական է, որ Լավրովի հայտարարությունից առաջ քաղաքացու հետ ուղիղ եթերի ֆորմատով քաղաքական-գաղափարական զրույցների շարք սկսած Նիկոլ Փաշինյանը ընդհատեց շարքը եւ կարելի է ասել, անցավ զուգահետ իրականություն եւ հիմա ընդամենը հրապարակումներ է անում Հայաստանի եւ Հայ ժողովրդի կյանքում թիվ մեկ օրակարգային հարցի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայից լրիվ դուրս հարցերի շուրջ։ Ինչ պատահեց, ինչու ոգեւորությամբ սկսած պառակտման հերթական «Մեծ հիասթափության» օպերացիան մնաց կիսատ, ինչու «Հայկական ժամանակով» հրապարակվող շանտաժային հոդվածները մնացին կիսատ, ինչու Գարեգին Բ-ի հայրական հորդորին չարձագանքեց, իր ոճով, իրեն հատուկ ցինիկությամբ։

Ինչը ստիպեց, որպեսզի միշտ ու անդադար խոսող վարչապետը հանկարծ լռի այն դեպքում, երբ հիմա թիվ մեկ խոսողն ինքը պետք է լիներ, որովհետեւ հենց ինքն է բանակցողը եւ ինքը պետք է ասեր՝ անցյալ տարի ապրիլից հետո, Լավրով-Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից հետո, որին մասնակցել են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, հայկական կողմը եւ հենց ինքը ինչի մասին են խոսել մի տարի շարունակ, ինչ են քննարկել, վերջապես հո մի ամբողջ տարի չէին կարող հանդիպել ու խոսել ասենք «Նետֆլիքսի» նոր սերիալներից կամ Քիմ Քարդաշյանի կրծքերից։