Իշխանությունները թիրախավորել են դատավոր Ազարյ...

Իշխանությունները այնքան են տարված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարով, որ ամբողջ պետական համակարգը, իր բանուգործը թողած, տարված է այդ պայքարով։ 

Նոր իշխանությունները սիրում են հաճախ կրկնել անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց ամբողջ համակարգը թիրախավորում է այն դատավորներին, որոնք համարձակվում են քաղաքական իշխանության պատկերացումներից անկախ որոշումներ կայացնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով։

Հիմա թիրախում է առաջին նագամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ արձակած վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ ԲՈԿ ղեկավար, Ադոլֆ Հիտլերի մեծ սիրահար Սմբատ Գոգյանը իր ամբողջ կառույցի ջանքերով պարզել է, որ դատավորի 160 էջանոց ատենախոսության 17 էջը նման է այլ դատավորի ատենախոսության։

Չնայած այն հանգամանքին, որ դատավոր Ազարյանը բացատրել է, որ ատենախոսության տեսական մասը կարող է նման լինել մեկ այլ ատենախոսության տեսական մասին, նոր իշխանությունները որոշել են կանգ չառնել։

Իրավական հետևանքներ չառաջացնող այս հարցի համար որոշվել է արտահերթ նիստ գումարել ԱԺ-ում։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի հարցերի հանձնաժողովը երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրելու: Օրակարգում լինելու է դատավոր Ազարյանի ատենախոսության՝ արտագրված լինելու մասին ԲՈԿ-ի հայտարարությունը: 

Հանձանաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ տեղեկություններ կան, որ դատավոր Ազարյանի գիտական աշխատանքից մեկ այլ դատավոր է օգտվել՝ իր ատենախոսությունը գրելիս. «Սա պետք է լինի մեր հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: Քաղաքակիրթ հասարակությունում պաշտոնյաները և դատավորները, երբ նման սկանդալի կենտրոնում են հայտնվում, պարզապես պաշտոնաթող են լինում: Կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է գնա այդ ճանապարհով»:

Սմբատ Գոգյանի հավանած նացիստական Գերմանիայում անգամ կնախանձեին  նոր Հայաստանի իշխանությունների «հետևողականությանը»։ Ինչպիսի՞ ջանասիրությամբ են նրանք պայքարում նախկին նախագահ Քոչարյանի գործի մասով իրենց տեսակետները չկիսող մարդկանց դեմ՝ միայն նախանձել կարելի է։ Իհարկե, լավ կլիներ, որ իշխանությունները նման ջանասիրություն ցուցաբերեին տնտեսական, ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրները լուծելիս, բայց հոգ չէ, կարելի է սպասել։ Վստահաբար կարելի է ասել՝ եթե իշխանությունները ամենախիստ ձևով պատժեն Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու օրը դատարանում հավաքարար աշխատած քաղաքացուն, նոր կարող են անցնել պետության համար «ոչ էական» տնտեսական, արտաքին և ներքին քաղաքական հարցերին։ 

Հ․Գ․ Ի դեպ, ասում են՝ նոր իշխանությունները այս հնարքով փորձում են ազատվել դատավոր Ազարյանից։ Իրավական ճանապարհ չկա նրան հեռացնելու, իսկ իշխանությունների ճնշումները, ինչպես տեսանք, անիմաստ են, քանի որ դատավորը անդրդվելի է իր համոզմունքներում։ Մնում է միայն  փորձ կատարել բարոյապես նրան ճնշել։ Ի վերջո, ԲՈԿ հորինած այս սցենարով, ասում են՝ նոր իշխանությունները կարողացել են իրենց քաղաքական գծի մեջ դնել Վճռաբեկ դատարանին, որի ղեկավարներից մեկը դրսում մեղադրվում է  գրագողություն աելու մեջ։