Իշխանությունները փորձում են փողով լուծել լրատ...

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նոր մարտավարություն է ընտրել լրատվական դաշտի հետ աշխատելու համար։ Իշխանությունները լավ են հասկանում, որ լրատվականների հետ պատերազմելը վնասակար է, ուստի որոշել են իրենց աջակցող լրագրողների մեծ խումբ ձևավորել։  Գործը վստահել են վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որի ղեկավարը նախկին լրագրող Հովհաննես Մովսիսյանն է։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները սկզբում տարբերակ են քննարկել, որով պետությունը պետք է ՊՈԱԿ-ի միջոցով ֆինանսավորեր մի շարք լրատվամիջոցների, որի դեպքում լրատվամիջոցները առավել մեղմ կքննադատեին նոր իշխանություններին, իսկ որոշ դեպքում նաև տեղեկատվական աջակցություն կցուցաբերեին։

Հիշեցնենք, որ այս մասին ամսիներ առաջ մենք գրել էիք, և իշխանական մի քանի պատգամավորներ հաստատել էին, որ քննարկվում է տարբերակ լրատվամիջոցներին պետական աջակցություն տրամադրելու մասին։ Իհարկե, պատգամավորները հերքել էին լուրերն այն մասին, որ այդ կերպ ցանկանում են վերահսկել լրատվամիջոցներին, բայց ակնհայտ էր, որ «բարի» նպատակի տակ հենց դա է թաքնված։

Այժմ, մեր տեղեկություններով, իշխանությունները նոր մարտավարություն են ընտրել՝ աշխատում են առանձին լրագրողների հետ։ ՊՈԱԿ-ը, ըստ մեր տեղեկությունների, ֆինանսավորում է  լրագրողների, որոնք ակտիվ լրագրությամբ են զբաղվում (լրագրողների անուններ չենք նշում՝ գործընկերային սոլիդարությունից ելնելով)։ Լրագրողներն, իհարկե, իրենց հրապարակումներում չեն կարող ակնհայտ իշխանամետ դիրք զբաղեցնել, բայց փոխարենը օգտագործում են իրենց ֆեյսբուքյան էջերը և իշխանություններին աջակցող քարոզչություն իրականացնում։ Կան նաև լրագրողներ, որոնք իշխանությունների աջակցությամբ իրենց լրատվականներն են հիմնում։ ՊՈԱԿ-ը, ըստ մեր տեղեկությունների, ֆինանսավորում է նաև ֆեյսբուքում ակտիվ որոշ օգտատերերի, որոնք կարողանում են հանրային կարծիք ձևավորել։

Տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանի հետ, սակայն մի քանի օր շարունակ ձգվող մեր փորձերն ապարդյուն անցան։