Իշխանությունների շարժառիթը ատելությունն է․ Փա...

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի բավարարվում միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ տարբեր քրեական գործեր հարուցելով։ Փաշինյանի իշխանությունը փորձում է իր ձեռքի տակ եղած հնարավորություններով նաև հարված հասցնել այն բիզնեսներին, որոնք պատկանում են Քոչարյանի ընտանիքին։

Ապրիլի 26-ին Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել Երևանի մամուլի ակումբի և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» նախագծի շրջանակներում կազմակերպված «Լրատվական ոլորտի առաջնահերթությունները Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ճանապարհին» համաժողովը։

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի պետական կառույցների, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի, ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի, միջազգային կառույցների, դիվանագիտական առաքելությունների, Հայաստանի փորձագիտական համայնքի, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Ներկաների փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որն իր խոսքում տարակուսել է, թե ինչու է այդ միջոցառումը կազմակերպվել «Կոնգրես» հյուրանոցում՝ ակնարկելով դրա սեփականատերերին։ Այս մասին օրերս տեղեկացրեց «Ֆակտոր․ամ» լրատվականը։

Միջոցառմանը մասնակից միջազգային կազմակերպությունները զարմացած են մնացել վարչապետի մամուլի խոսնակի ակնարկից։ Նրանց համար անհասկանալի է եղել, թե ինչու՞ պետք է հասարակական կազմակերպությունները կամ միջազգային կազմակերպությունները չփորձեն օգտվել նախկին իշխանություններին պատկանող  բիզնեսների առաջարկած ծառայություններից։

Փաշինյանի խոսնակը միամտաբար ի ցույց է դրել իշխանությունների շարժառիթը, որով նրանք առաջնորդվում են նախագահ Քոչարյանին առնչվող գործերում։ Այդ շարժառիթը ատելությունն է։ Նրանք ոչ թե ցանկանում են արդարություն վերականգնել, այլ հնարավոր և անհնար բոլոր միջոցներով փորձում են հարվածել Քոչարյանին։ 

Վստահաբար կարելի է ասել, որ նշված միջոցառմանը մասնակից միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և տարբեր երկրների դեսպաններին դժվար կլինի համոզել, որ Քոչարյանի նկատմամբ մաքուր իրավական գործընթաց է վարվում։ Ի վերջո, իրենք ականատեսն են եղել ատելության քարոզի, որն անձամբ վարչապետի մամուլի խոսնակն է անում: