Իշխանությունները Ապրիլյան պատերազմի մասով մեղ...

Մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եկել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը․«Հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»։

Փաշինյանը իր մեկ տարվա վարչապետության ընթքացքում երբեք չէր խոսել այս խնդրի մասին, ավելին՝ լրագրողների հարցերին ի պատասխան, խուսափողական պատասխաններ էր տալիս։ Եվ հիմա, երբ Փաշինյանը խոսում է Ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, ակնհայտ է, որ դրա տակ կա քաղաքական ենթատեքստ։ Ըստ էության, Փաշինյանը նոր գործ է փորձում  բացել, որով կկարողանա ճնշել նախկին իշխանություններին։ Փաշինյանը պետք է օգտագործի այս հանգամանքը ևս, որպեսզի կասեցնի մեծ արագությամբ դեպի ներքև սլացող իր վարկանիշը։

Ստեղծվելիք հանձնաժողովի քաղաքական ենթատեքստը ակնհայտ է դառնում նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքից։ «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է․«Կլինեն բացահայտումներ, որոնց ուղղությամբ պետք է կայացվեն կոշտ որոշումներ»: 

Ստացվում է՝ իշխանությունները, դեռ քննություն չիրականացրած, վստահ են, որ կան մեղավորներ, որոնց մասով պետք է կոշտ որոշումներ կայացվեն։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական նպատակների համար Ապրիլյան պատերազմի փաստի շահարկում։ 

Փաշինյանի իշխանությունը, «Մարտի 1-ի» գործով, ըստ էության, սպասվող բոլոր դիվիդենտները մսխել է, և հիմա պետք է նոր՝ առավել շոկային պատմություն, որով հանրությանը կզբաղեցնեն և նկատելի չեն դարձնի տնտեսական անհաջողությունները։