Իշխանությունն առաջիկայում էլի ապացուցելու է,...

Առաջիկայում սպասելի է, որ իշխանությունները հերթական ռուսահաճ ակցիաները կիրականացնեն։ Պատճառը թերեւս Ռոման Բաբայանի հայտնի ֆիլմ-հետաքննությունն է եւ «Կոմերսանտ» պարբերականում հրապարակված հոդվածը։ Երկուսն էլ այսպես ասած Ռոբերտ Քոչարյանի գործի մասին։

Կարելի է ֆիքսել, որ ռուսական կողմը որոշակիորեն կրկին թեժացնում է Ռոբերտ Քոչարյանի գործի հետ Մոսկվայի ունեցած մոտեցումների, դրանք՝ Երեւանի հետ հարաբերություններում առարկայական հանգամանք հանդիսանալու հարցը։ Դա սպասելի քայլ էր Մոսկվայի կողմից։ Դեռ վաղուց էինք գրել, որ 2020-ին հայ-ռուսական հարաբերությունները չեն ունենա այն դրական աուրան, ինչ եղավ 2019-ին, քանի որ Հայաստանն այլեւս չունի Մոսկվայի համար առանցքային նշանակություն ունեցող ռեգիոնալ ինտեգրացիոն միավորներում այն լծակները, որոնք ուներ նախորդ տարի։

Հայաստանն այլեւս նախագահող չէ ոչ ԵԱՏՄ-ում եւ ոչ ՀԱՊԿ-ում եւ եթե նախորդ տարի այս հանգամանքով պայմանավորված Կրեմլը եւ անձամբ Վլադիմիր Պուտինը որոշակի մեղմ վերաբերմունք էին ցուցաբերում Նիկոլ Փաշինյանի «խաղիկների» հանդեպ, ապա այս տարի նման մեղմության կարիք չկա առհասարակ, հատկապես, որ ընդհանուր ռեգիոնալ քաղաքական եւ աշխարհաքաղաքական միջավայրն էլ փոխվել է ու Մոսկվան կարծես թե սկսում է ավելի ամրացնել իր դիրքերը այսպես ասած «Հնգյակի գագաթնաժողովին» սպասելու ֆոնին։

Այս ամենը հասկանում են նաեւ Հայաստանի գործող իշխանությունները եւ գնահատում իրադրությունը հաշվի առնելով նաեւ այն բոլոր իրողությունները, որոնք կապում են Մոսկվային Բաքվի, Թուրքիայի, ռեգիոնի մյուս խաղացողների եւ առհասարակ, նկատի ունենալով հետսովետական տարածքի էլիտայի մոտեցումները։ Այլ է հարցը, թե Մոսկվան կհավատա արդյոք Փաշինյանի արցունքներին։ Արդեն այսօր՝ Պուտին-Էրդողան հանդիպումից հետո կարելի կլինի զգալ առաջին ծիծեռնակները։