Իշխանություն-Ծառուկյան հակասության զարգացման...

Ինչ հնարավոր հանգուցալուծում է հնարավոր հայաստանյան վերջին սրացումներում։ Սա թերեւս այս պահին հայաստանյան քաղաքական օրակարգում ամենակարեւոր ու ամենաինտրիգային թեման է։ Ըստ էության հնարավոր է զարգացումների մի քանի սցենար․

1․ Ըստ առաջին սցենարի, հնարավոր է, որ իշխանությունը գնա օրինակ վաղը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու ճանապարհով։ Մեծ հաշվով իշխանությունը դա կարող է ապահովել քվեարկությամբ։ Դա կարելի է անվանել ուժի ցուցադրության սցենար։ Սակայն զուգահեռաբար այն նաեւ կարելի կլինի անվանել Պյուռոսյան հաղթանակի սցենար, այսինքն, կարճաժամկետ, կամ այսրոպեական հաղթանակ, որը մեծ հաշվով համարժեք է պարտության։

Կալանավորելով Ծառուկյանին, անկախ այն հանգամանքից, թե ներքին սպառողի համար ինչ քարոզչական հնարքներ կբանեցվեն, որպեսզի Ծառուկյանին սեւացնեն, արտաքին աշխարհում ու հատկապես դրսի բիզնես շրջանակներում Փաշինյանը կստեղծի իր համար լուրջ խնդիր։ Փաշինյանի շրջապատում չկա մեկը, որը թե հետսովետական տարածքում, թե ավելի լայն սպեկտրում ունենա նույնքան կշիռ որպես գործարար, որքան Գագիկ Ծառուկյանը։ Նույնիսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը բավականին հաջողված ու կայացած գործարար է եւ ունի բավական լայն կապեր, Ծառուկյանի այսպես ասած չեզոքացումից հետո չի կարողանալու փոխարինել նրան։ Ըստ էության բիզնեսի ոլորտում Ծառուկյանը Հայաստան եկած ներդրումների երաշխավորն է, եթե չափազանց կենցաղային մակարդակում ենք հարցը դիտում։

Բացի այդ, Ծառուկյանին չեզոքացնելով, առնվազն ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում Փաշինյանը ձեռք է բերելու այնպիսի հակառակորդ, ինչպիսին հենց Փաշինյանից ոչ պակաս էքսցենտրիկ եւ անկանխատեսելի Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Իհարկե, կարելի է ասել, որ Լուկաշենկոն հիմա նախընտրական աժիոտաժի մեջ է, ու դժվար Գագիկ Ծառուկյանով զբաղվի, սակայն սա միամիտ կեցվածք կլինի, քանի որ Պուտինի հետ մրցել ցանկացող Լուկաշենկոն հենց միայն ցույց տալու համար, որ օրինակ Պուտինը չկարողացավ Փաշինյանի հետ լեզու գտնել ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանել բանտից, թույլ չի տա, որ Ծառուկյանը գնա բանտ։

2․ Փաշինյանը կփորձի վարվել Սերժ Սարգսյանի նման եւ կգնա «պայքարը մաշեցնելու» ճանապարհով։ Սա ավելի խելամիտ սցենար է, որը կարող է հատկապես արեւմտյան ճակատում, եվրոպական կառույցների մոտ, որտեղ նրա առանց այն էլ ոչ փայլուն դիրքերը սասանված են, դրական աուրա ստեղծել իր հանդեպ։ Այս սցենարի իմաստն այն է, որ չափավոր ուժի կիրառումը պահպանելով հանդերձ, կտրուկ գործողությունների չգնա, եւ մաշեցնի ընդդիմությանը, ինչպես անում էր Սերժ Սարգսյանը ժամանակին՝ տարիներ շարունակ։ Այս պարագայում, սակայն վստանգ կա, որ Փաշինյանին դա չի հաջովի և Ծառուկյանն առավել լայն աջակցություն կստանա հանրության կողմից։

3․ Պայմանավորվել Ծառուկյանի հետ։ Սա երրորդ սցենարն է։ Հնարավոր է, որ Փաշինյանը փորձի պայմանավորվել Ծառուկյանի հետ, թեկուզ միջնաժամկետ հեռանկարի կտրվածքով, երկիրը այն էլ ներկայիս կիսակործանված վիճակում քաղաքական ցնցումների չտանելու համար։

Ի վերջո, Ծառուկյանի հետեւում մեկ ու կես տասնամյակի կենսագրություն ունեցող կուսակցություն կա, որը անդամ է համաեվրոպական կուսակցական ընտանիքներից մեկին, ունի զգալի կապեր, իսկ Հայաստանի ներսում էլ տասնյակ հազարավոր անդամներ, կողմնակիցներ։ Պայմանավորվելով, նա կարող է մի քանի խնդիր միանգամից լուծել։ Նախ չեզոքացնել իր թիմի ներսում կենտրոնախույս տրամադրությունները, հետո պատասխանատվությունը դնել նաեւ ԲՀԿ վրա, ու արդեն այս դեպքում ձախողման պարագայում սպասվող նեգատիվի տակ կհայտնվի նաեւ Գագիկ Ծառուկյանը։

Ի վերջո, ամեն բան սկսվել էր չէ, քննադատությունից։ Կարելի է պարզապես պահն օգտագործել ու անակնկալ քայլերով անել այնպես, որ եւ գայլերը կուշտ լինեն, եւ գառները ապահով։