Իշխանություն լինելը նաեւ գիտակցության ձեւ է ո...

Հետտոնական վերջին օրերի զարգացումները Հայաստանում ցույց տվեց, որ գործող իշխանությունները դեռեւս չափազանց խակ են իշխանություն լինելու համար, եւ իշխանություն լինելով հանդերձ, դեռեւս չեն սկսել տարբերել կառավարել եւ իշխել տերմինների տարբերությունը։ Արդյունքում տուժում է Հայաստանը, իր դեռեւս երեսնամյա ինստիտուտներով, կիսակայացած քաղաքական համակարգով, ու մնացած ատրիբուտներով հանդերձ։

Իշխանություն լինելը միայն թանկարժեք «պատավատներ» ունենալ չէ, կամ կառավարական կեցավայրերում ապրել։ Այն նաեւ որոշակի պատասխանատվություն է, լայնախոհություն, ասպետականություն, գլոբալ մտածելու կարողություն:

Հայաստանի ներկայիս կառավարման համակարգի պայմաններում իշխանության ձեռքում գրեթե բոլոր լծակներն են, նաեւ՝ ուժային՝ ոստիկանական եւ հատուկ ծառայությունների ու հետապնդում իրականացնելու իրավունք ունեցող մյուս մարմինների։ Սակայն սրանով հանդերձ, քաղաքական մեծամասնությունը որպես թիմ իր առաջնորդով հանդերձ, բարոյական պատասխանատվություն ունի (եթե իհարկե նման գիտակցություն կա) ուժային մեթոդներին դիմելու ծայրահեղ դեպքերում։ Հենց այստեղ է, որ դրսեւորվում է կառավարելու եւ իշխելու տարբերությունը, կառավարչի ասպետականությունն ու իշխողի չարչիական հոգեբանությունը։ Որեւէ իշխանություն պոտենցիալ ընդդիմություն է եւ որեւէ ընդդիմոթյուն պոտենցիալ իշխանություն։ Սա ժամանակակից աշխարհի քաղաքական համակարգերի համար ընդունված տարբերակն է։

Հայաստանում, սակայն, անկախ լոզունգաին ժողովրդավարական կղզյակի մասին հայտարարություններից, այս սկզբունքի մասին մոռացել են։ Մինչդեռ հարկ է, որ հիշեին, քանի որ հավերժ իշխանություններ չկան եւ նույնիսկ Հյուսիսային Կորեայում են նկատվում փոփոխություններ։ Իշխանության ասպետականության մեջ է կայանում նաեւ դիմացինին լսելու կարողությունը, հատկապես երբ վերջինս քեզ հետ քաղաքական գաղափարակից չէ։ Քո քաղաքական մեծամասնություն լինելը արժեւորվում է նաեւ այդ մեծամասնությունից դուրս գտնվողների երաշխավորված գործունեության ապահովման համար ամբողջական եւ լիարժեք պայմաններ ապահովելով։

Այլապես, ֆեյսբուքյան օգտահաշիվներ կոտրել, դատավարոների անձնական կյանքերը փորփրել, ու այլ նման երեւույթները գուցե «Զոմբիստանում» ծափահարությունների արժանանան, սակայն հատկապես դրսի աշխարհի համար սրտխառնոց են առաջացնում ու ործկալու աստիճան մերժելի են։ Իսկ Հայաստանը միայն չի շարունակում իր գոյությունը «Զոմբիստանի» օվացիաների համար։