Իշխանական պատգամավորի պնդմամբ Փաշինյանը անպատ...

Հայաստանի բոլոր իշխանությունների համար լուրջ խնդիրներ ստեղծել են, ոչ թե իրենց ընդդիմադիրները, այլ այն թիմակիցները, որոնք թիմի ղեկավարին քծնելու, հաճոյանալու համար պատրաստ են ամենավերջին հիմարությունն ասել և ամենավերջին անմտությունն արդարացնել։ Հատկապես նոր իշխանություններն այս իմաստով լրջագույն խնդրի առաջ են կանգնած։ Իշխանության տարբեր օղակներում վխտում են գործիչներ, որոնք պատրաստ են անել ամեն բան, որպեսզի հանրության ձայնը վերև չհասնի։

Իշխանական թիմի այդ կերպարների մոնումնետալ դեմքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն է։ Մարդ՝ ով հասցրել է լինել ԲՀԿ-ում, ԼՀԿ-ում, իր ծառայություններն է առաջարկել ՀՀԿ-ին և միայն իշխանափոխությունից հետո հայտնվել ՔՊ-ում, երեկ ծաղրում էր այն քաղաքացիներին, ովքեր պնդում էին, որ Իրանում տարածված և մի քանի մարդկանց կյանքեր խլած նոր տիպի կորոնավիրուսը կարող է շատ արագ ներթափանցել Հայաստան, եթե իշխանությունները ժամանակավորապես չփակեն այդ երկրի հետ սահմանը։

Պատգամավորը մասնավորապես գրել էր․«Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով:

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից: Վերջ տվեք նման անթույլատրելի հայտարարություններին:

Դրա փոխարեն, մատերի վրա հաշված սահմանային անցակետեր ունենք. հզորացվում է բժշկական հսկողությունը, անհրաժեշտ է տասնապատիկ հսկողություն, ինչը իհարկե 100%-անոց երաշխիք լինել չի կարող, բայց հաստատ ավելի արդյունավետ է, քան ետին մտքին ապավինող քաղաքական հայտարարությունները:

Եվ վերջում, պանիկա ստեղծողները հաջորդ կյանքում կորոնավիրուսի հարուցիչ են լինելու»։

Ի վերջո պատգամավորն ինքը ծիծաղելի վիճակում հայտնվեց, քանի որ մի քանի ժամ անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Իրանի հետ սահմանը երկու շաբաթով փակվելու է․

«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան»,-գրել էր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում։

Ու հիմա առնվազն արդարացի հարց է առաջանում՝ արդյո՞ք Ենգիբարյանը համարում է, որ վարչապետն «անպատասխանատու մոտեցում» է ցուցաբերել ու փակել սահմանը, թե՞ կհասկանա իր սխալը ու կփորձի շտկվել, իսկ հազարավոր քաղաքացիների վիրավորելու համար վայր կդնի մանդատը, որին նա արժանացել է բացառապես հասարակության շնորհիվ։