Իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին ժա...

Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս կամ այն թիմակցի թմրադեղ օգտագործելու մասին: Փաշինյանի թիմակիցները ժամանակին վստահեցնում էին նաև, որ իշխանության գալու դեպքում կօրինականացնեն մարիխուանան: Իշխանության գալուց հետո, սակայն, հասարակական աղմուկի արդյունքում շատերը հրապարակային այլևս չեն պաշտպանում այդ գաղափարը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պարզվում է ժամանակին ևս թմրադեղերի հետ կապված սկանդալի կիզակետում է եղել։

Արթուր Հովհաննիսյանի մասին համացանցում որոշ տեղեկություններ պարզելու ընթացքում հայտնաբերեցինք, որ նա 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրադեղ պահելու կասկածանքով, և իր ուղեկցի գրպանում հայտնաբերվել է թմրադեղ: Այս միջադեպի մասին կա հրապարակում Շամշյան.քոմ լրատվականում, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 28-ին, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների կողմից Մ. Ավետիսյան 4-րդ փողոցի 4-րդ շենքի մոտից Ոստիկանություն բերման ենթարկված քաղաքացիների փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բերման ենթարկվածներն են նշված փողոցի բնակիչ՝ 27-ամյա Արթուր Հովհաննիսյանը՝ իր Nissan March մակնիշի ավտոմեքենայով, և նրա ուղևոր՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի բնակիչ, 28-ամյա Գևորգ Սավթալյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.24 գրամ կշռով դեղնականաչավուն զանգված, ով, ըստ տեղեկությունների, խոստովանել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն։

Դեղնականաչավուն զանգվածն առգրավված է և նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ի գլխավոր պրոդյուսեր, իսկ Գ. Սավթալյանն էլ հայտնել է, որ ինքն աշխատում է «Յունիսթրի» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից։

Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել»: