Իրավապաշտպանը ահազանգում է, իսկ «Գազպրոմ Արմե...

Իրապավաշտպան Զարուհի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը այս օրերին աշխատանքի է կանչում իր տեսուիչներին․«Ես ահազանգեր եմ ստանում, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն այսօր աշխատանքի է կանչել իր բոլոր տեսուչներին։ Նպատակը՝ անջատել այն բոլոր բաժանորդների գազը, որոնք չեն վճարել գազի ամսավճարը։ Այս իրավիճակում մարդիկ ահազանգում են, որ գտնվում են անելանելի վիճակում։

Նման մոտեցումը հակասում է պարետի երեկվա որոշմանը՝ ՀՀ ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակման մասին, քանի որ, ըստ ինձ փոխանցած տեղեկատվության, տեսուչները եկել են աշխատանքի, կուտակվել 30-40 հոգով մեկ աշխատասենյակում, ակտիվորեն շփվում են թե՛ միմյանց հետ, թե՛ գազի բաժանորդների։

Մյուս կողմից, մարդիկ, ոչ իրենց մեղքով չեն կարողացել ժամանակին կատարել վճարումները, բայց նրանց, այս դժվար պայմաններում ևս մեկ սթրեսային իրավիճակ է սպառնում՝ գազի անջատման տեսքով։
Կարծում եմ, այս հարցը չի կարելի մատնել անուշադրության։

Թե՛ լրատվամիջոցները,թե՛ պարետատունը պետք է միջամտեն ու փորձ կատարվի լուծել խնդիրը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի ու բնակչության միջև, իսկ տեսուչներին ինքնամեկուսացումից բերել-կուտակելը աշխատավայրում ուղիղ հակասության մեջ է պարետատան պահանջի հետ»։

Politik.am-ը փորձեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից ճշտել, թե ի՞նչու են տեսուչներին կանչում աշխատանքի։ Ընկերության Հասարակայնության և ԶԼՄ-երի հետ կապերի ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան գրել են, որ հասցեական փաստի չեն տիրապետում․«Նշված հրապարակման առնչությամբ «Գազպրոմ Արմենիա»-ն որևէ հասցեական փաստ կամ կոնկրետ տեղեկատվություն չունի: Ընկերությունը շարունակում է բնականոն գործունեությունը և իրականացնում է իր գործառույթները սահմանված կարգով : «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում մշակվել և գործում է Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների պլան` ապահովելով միջոցառումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ընդունված որոշումների պահանջներից»: