Իրավապաշտպանն «Իմ քայլը»-ի պատգամավորի առաջար...

«Վիրավորանքը և զրպարտությունը ժամանակին եղել են քրեական տիրույթում, ավելի ուշ ապաքրեականացվել են, հիմա նորից հետ վերադառնալ՝ քրեականացնել վիրավորանքը, ինձ համար անընդունելի է»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի առաջարկությանը՝ քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները պետք է մի քիչ ավելի հանդուրժող լինեն:

«Եթե ուսումնասիրում ենք նաև արևմտյան երկրների փորձը, տեսնում ենք, թե ինչքան հանդուրժող են իշխանության ներկայացուցիչները»,-ասում է իրավապաշտպանը:

Առաջարկության երկրորդ մասի հետ, ըստ որի՝ պետք է քրեականացնել նաև իշխանության ներկայացուցչի՝ ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, Ժաննա Ալեքանյանը համաձայն է:

«Եթե իրոք կան վտանգ պարունակող գործողություններ, դրանց մեջ մենք ամեն ինչ կարող ենք պատկերացնել՝ այդ թվում՝ բռնություն, այս դեպքում քրեականացումը ընդունելի է»,-հիմնավորում է իրավապաշտպանը:

Ալեքսանյանն ընդգծում է՝ շատ անգամ տեսնում ենք, որ լրատվամիջոցներն են թիրախավորվում.«Վիրավորանքը այնքան վերացական հասկացություն է, ամեն մեկը յուրովի է հասկանում, իսկ եթե ակնհայտ վիրավորանք է, նրանք կարող են դիմել դատարան և համապատասխան ընթացակարգերով ստանալ իրենց ցանկալի պատասխանը»:

Իրավապաշտպանի խոսքով՝ լուծումը մեկն է.«Մենք պետք է ապրենք մի մթնոլորտում, որում ոչ վիրավորանք լինի, ոչ էլ քրեականացում»: