«Իրատես». «Ժողովուրդ ջանը» փոխարինվեց «կոշտ հ...

«Իրատես» թերթը գրում է. «Ոչ վաղ անցյալում, երբ Նիկոլ Փաշինյանը Հունան Պողոսյանին նշանակեց Սյունիքի մարզպետ, այդ քայլը բացատրեց մարզում «նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրելու» հանգամանքով։ Թե այս երկու տարվա ընթացքում ինչի ողնաշարը կոտրվեց, ինչ արժեքներ ոչնչացվեցին, կպարզվի, երբ Փաշինյանն այլեւս իշխանության չի լինի։

Կապանյան ձերբակալությունների քննությունը թողնելով իրավապահներին, իսկ դրա իրավաչափության ու օրինականության գնահատականը՝ իրավաբաններին, ընդամենը փաստենք, որ ոստիկանից մարզպետ դարձած Հունանյանի մարզում ոստիկանությունում քաղաքացիների խոշտանգեցին։

Վերադառնանք «կոտրված ողնաշարին». վերջին օրերին մեծ թափ առած բռնության դեպքերը, հարձակումներն արդեն լուրջ մտորելու առիթ են տալիս։ Եռացող կաթսա հիշեցնող մեր երկրում, թվում է, մեկը, մի մեծ շերեփ վերցրած, խառնում է եղած-չեղածը, ու գնալով այդ պարունակությունն ավելի վատ երանգներ է ստանում։

Ուր կտանի այս բացասական էներգիան, անգամ սարսափելի է պատկերացնել։ Կոտրվել, փշուրների է վերածվել ազգի միասնականության, դիմադրողականության ողնաշարը, մարդիկ կորցրել են իրենց անդորրը, ատելության սերմեր ցանողների դեմ է այս ամենը շուռ եկել։ Նիկոլ Փաշինյանի միակ «զենքը», որն այդպես էլ ճիշտ ուղղությամբ չգործադրվեց, իր դեմ է գործում արդեն։ Եթե երկու տարի առաջ մարդիկ հավատում էին նրա խոսքին, մեկ «լայվով» դուրս էին գալիս փողոց, հիմա դրանց ոչ լուրջ են վերաբերվում, ոչ հավատում են, ոչ էլ վստահում։ Վարչապետի՝ «ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ, դուխով, հպարտանում եմ ձեզնով, ամեն ինչ լավ է լինելու...» տրաֆարետային խոսքերին մարդիկ ոչ միայն անհաղորդ են, այլեւ հասկանում են դրանց ողջ արհեստականությունը։

Այս առումով Կապանում ձերբակալություններին հետեւած բողոքի ակցիան հետաքրքիր բացահայտում արեց։ Նախկինում ժողովրդի հետ քաղցր-մեղցր խոսող Փաշինյանը խաղաղ բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վրա ոստիկանական ջոկատներ ուղարկեց, գրառում արեց, թե «կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն»։

Կեռաս հավաքելու համար ժամանակ գտած Փաշինյանն ինչու՞ այս անգամ էլ լայվի ժամանակ չգտավ, որպեսզի սյունեցիներին համոզեր տուն գնալ։ Թե՞ հասկացել է, որ իր «դուխովին» էլ հավատացող չի մնացել, ուստի «ժողովուրդ ջանին» այսօր փոխարինեց «կոշտ հակազդեցությունը»։ Իսկ անցել է ընդամենը 2 տարի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում