Home » Real Politik » Հայաստանը պետք է աշխատի Իրաքի քրդական ինքնավարության հետ

Հայաստանը պետք է աշխատի Իրաքի քրդական ինքնավարության հետ

22368 (1)Քառորյա պատերազմի օրերին մենք տեսանք, որ իրաքյան Քուրդիստանը իր ԶԼՄ միջոցներով բավական մեծ թափով հակահայկական քարոզչություն էր իրականացնում:
Այս կապակցությամբ Politik.am-ը զրուցեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի հետ: Մեր զրուցակիցը կարծում է, որ այստեղ կա նաև հայկական կողմի մեղավորությունը.«Այդտետ մենք ունենք նաև մեր մեղքի բաժինը: Ըստ էության, կարծում եմ, որ Հայաստանը պետք է աշխատի նաև քրդական զանազան կառույցների հետ սկսած Իրաքի քրդական ինքնավարությունից, վերջացրած ՔԲԿ-ն ներկայացնող հավաքական ուժերի հետ : Այսպես ասեմ ,եթե եզդիների դեպքում մենք, ըստ իս, պետք է ստանձնենք այս ժողովրդի հովանավորի կամ պաշտպանի դերը , ապա քրդական կառույցները , փառք Աստծո , ունեն սեփական խողովակները այդ գործառույթը իրականացնելու ,բայց հաշվի առնելով մեր , այս ժողովրդի հետ հարևան լինելու հանգամանքը , անշուշտ չպետք է անտեսվի աշխատանքը քրդական զանազան քաղաքական կառույցների հետ , նաև քրդական այն պետականության ձևի հետ , որը ստեղծվել է Իրաքի հյուսիսում: Դա վերաբերվում է ոչ միայն քաղաքական հարաբերություններին , ոչ միայն տնտեսական հարաբերություններին , նաև լրատվական դաշտում առկա խնդիրներին: Մասնավորապես չափազանց տարօրինակ էր , որ Իրաքի քրդական մեդիա դաշտի որոշ հատվածը ակնհայտորեն դրսևորեց ադրբեջանամետ դիրքորոշում : Բնական է, շատ հեշտ է դա պայմանավորել, ասենք, ալիևյան վարչակարգի կողմից հնարավոր աջակցությամբ այդ ռեսուրսներին կամ հնարավոր լոբիստական գործունեությամբ այդ ռեսուրսների հետ կապված: Բայց այստեղ պետք է մենք, նախ և առաջ, մեր բացթողումները ևս արձանագրենք, և փորձենք շտկել, արդյո՞ք մենք աշխատել ենք այս դաշտում, Հյուսիսային Իրաքում ստեղծված ինքնավարության հետ, թե ոչ: Ես կարծում եմ, որ չենք աշխատել»,-ասաց Վարդան Ոսկանյանը` ավելացնելով, որ Հայաստանի հանդեպ որոշ համակրական վերաբերմունք կա ՔԲԿ-ի հավաքական ,այսպես կոչված, քաղաքական որոշ թևերի և ՔԲԿ-ի կոնկրետ պարտիզանական ուժերի մեջ.«Բայց չպետք է մոռանալ, որ հենց այդ նույն ՔԲԿ-ի ներսում կան նաև հակահայ ուժեր : Հետևաբար մենք պետք է հստակորեն տարորոշենք հայամետ ուժերը, կամ Հայաստանի հանդեպ դրական մոտեցումներ ունեցող ուժերը պետք է հանդիսանան մեր հետ հնարավոր համագործակցության օբյեկտներ: Հակահայկական ուժերը, այսպես ասեմ, այն ուժերը , որոնք ակնհայտ թշնամական վերաբերմունք ունեն մեր հանրապետության, մեր պետականության հանդեպ, պետք է զգան, որ մեր պետականությունը ունի լծակներ ազդելու նաև նրանց վրա: Այս առումով մենք ունենք բավական լայն գործունեության դաշտ, բավական մեծ անելիքներ:  Ընդհանուր առմամբ մենք պետք է կրկին փորձենք գտնել դաշնակիցներ այս դաշտում ևս և այդ դաշնակիցները հաստատ լինելու, այլ հարց է որ աշխատանքները պետք է հստակ կազմակերպել: Եզդիների պարագայում մենք ունենք, ըստ իս, պարտավորություն: Պարտավորություն, որը մեր վրա է դրվել ,նաև, Հայաստանում բնակվող մեր եղբայրների կողմից, որովհետև այդ մարդիկ այս երկրի համար կռվել են, արյուն են թափել, խաղաղ տարիներին աշխատել են զարգացնելու և ամրապնդելու Հայաստանի պետականությունը: Հետևաբար եզդիների հանդեպ մենք ունենք առանձնահատուկ պատասխանատվություն և առանձնահատուկ վերաբերմունք: Նույնը վերաբերվում է նաև ասորիներին: Քրդերի դեպքում մենք ունենք հնարավոր համագործակցության լայն դաշտ, պետք է հստակորեն արձանագրենք համագործակցության բոլոր տիրույթները և աշխատենք այդ ուղղություններով»,-եզրափակեց իր խոսքը մեր զրուցակիցը:
Դիտվել է 1,703 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy