Իրանն ընդունեց, որ «ոչ միտումնավոր» խոցել է ո...

Մի քանի օր շարունակված հերքումներից հետո Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են «ոչ միտումնավոր» խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» Boeing-737 օդանավը, ինչի հետևանքով 176 մարդ է զոհվել։

Այսօր առավոտյան պետական հեռուստատեսությամբ հրապարակված հայտարարությունում Իրան օզինված ուժերը հայտնել են, որ օդանավը սխալմամբ «թշնամական թիրախ» է համարվել, երբ շրջվել է դեպի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «զգայուն ռազմական կենտրոն»։

Իրանի զինված ուժերն այսօրվա հայտարարությունում վստահեցնում են, որ ողբերգության համար պատասխանատուներն «անմիջապես» արդարադատության առջև կկանգնեն։

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, միաժամանակ, Թվիթերում գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել «Միացյալ Նահանգների արկածախնդրության» հետևանքով առաջացած ճգնաժամի ժամանակ։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թվիթերում գրառմամբ «մեծ ողբերգություն և աններելի սխալ» է որակել միջադեպը։