Ինձ համար անհասկանալի է՝ ինչու քաղաքական պատա...

Հանրաքվեի քարոզարշավը արդեն մեկնարկել է, այս պահին ոչ թե հանրային քարոզարշավ ենք իրականացնում, այլ հիմնականում մարզերում և համայնքներում նախապատրաստական հանդիպումների տեսքով աշխատանքներ են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով «Ոչ»-ի քարոզարշավ չանելուն՝ նա նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է ընտրում՝ մասնակից են, թե ոչ։

«Ինձ համար անձամբ հարցն այլ դաշտում է, որ քաղաքական հայտ ներկայացնող կուսակցությունները որևէ կերպ դիրքորոշում չեն հայտնում համապետական նշանակության իրադարձությանը։ Հաջորդ հարցն այն է, որ չնայած պաշտոնապես հայտարարվել է «Ոչ»-ի քարոզ չիրականացնելու մասին, այնուամենայնիվ, այն քաղաքական ուժերը, ովքեր կոչ են անում բոյկոտի՝ դրանով անթաքույց իրականացնում են «Ոչ»-ի քարոզչություն։ Ինձ համար անհասկանալի է, ինչու քաղաքական պատասխանատվություն չի ստանձնվում և չի իրականացվում քարոզարշավ, որովհետև թե «Այո»-ն, թե «Ոչ»-ը քաղաքական պատասխանատվության հարց են»,-ասաց Մակունցը։