Ինչը կարող է փոխվել աշխարհում՝ պանդեմիայից հե...

Կորոնավիրուսի պանդեմիան բացահայտեց ժամանակակից աշխարհի աքիլեսյան գարշապարները։ Պարզ դարձավ, որ գլոբալ համագործակցությունը, որը ի զորու պետք է լիներ կանխելու հիվանդության տարածումը, մեղմ ասած, այդպես էլ մնաց անհասանելի։ Պանդեմիան, պարզ ասած, առողջապահական լրջագույն խնդիր լինելուց զատ, նաեւ մեծ հարված էր գլոբալիզացիային առհասարակ, որը կարող է արդեն հետպանդեմիական ժամանակներում այլ ձեւեր ստանալ։

Այսպես, համաշխարհային տնտեսությունը կարող է ավելի կենտրոնանալ ներքին շուկաների վրա։ Այս դեպքում, ԱՄՆ-ն եւ մյուս զարգացած երկրները ստիպված են լինելու ուշադրություն հատկացնել ներքին արտադրանքի ծավալների ավելացմանը, իսկ այնպիսի էժան աշխատուժով արտադրական կենտրոններ, ինչպիսիք Թայվանն է, Չինաստանը, Սինգապուրը, Բանգլադեշը կամ Հնդկաստանը, ականատես կարող են լինել կապիտալի խոշոր արտահոսքի։ Տուրիզմի վրա խաղադրույք կատարած երկրները, օրինակ, կարող են բախվել շատ լուրջ խնդիրների հետ, իսկ ընդհանուր առմամբ, պետությունները կսկսեն ավելի շատ ուշադրություն դարձնել գյուղատնտեսությանն ու ագրոարդյունաբերական համալիրին։

Հետպանդեմիական աշխարհում այն մշակույթները, անձնային հարաբերությունները, լեզուները, որոնք գտնվում են գլոբալացման շեշտակի ազդեցության ներքո, այլ հունով կշարունակեն ընթանալ։ Դրանք կփոխազդվեն սակայն եթե հնարավոր լինի օրինակ մշակութային ինքնության բուն էությունը պահպանել, ապա դրանք կշարունակեն պահպանվել, քանի որ մշակույթները նման են կենդանի օրգանիզմենրի եւ վերնաշապիկ չեն, որ հանես մեկի հագից ու հագցնես մյուսին։ Սակայն մշակութային ինքնության պահպանումը միակ խնդիրը չէ, որ իր հետ բերել էր գլոբալիզացիան։

Այսօր արդեն ահռելի մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր փակվել են իրենց տանը, սենյակում, եւ շփումը, կենդանի շփումը գրեթե մինիմումի են հասցրել։ Այս երեւույթը, եթե շարունակվի տեւականորեն, ապա կարող է բերել անձնային ընկերա-բարեկամական հարաբերությունների եւ արժեքների թուլացման եւ եսակենտրոնական տրամադրությունների աճի։ Սա հատկապես կարող է դիտվել Եվրոպայում եւ Ամերիկայում։

Արեւելքում, անկախ ամեն ինչից, հոգեւոր այս արժեքները շարունակում են մնալ բավական ամուր եւ այս առումով հետպանդեմիական աշխարհում արդեն մենթալ տարբերությունները Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ կարող են էականորեն խորանալ։

Հնարավոր է, որ Արեւմուտքը սկսի հայացքն հառել Արեւելքին, օրինակ՝ Հնդկաստանին, Թուրքիային, Իրանին, Ռուսաստանին, Չինաստանին եւ 5-10 տարի ծախսել, որպեսզի վերականգնի այն, ինչ կորցրել էր մինչ այժմ եւ կորցնում է նաեւ կարանտինային այս շրջանում։