Ինչու Պուտինը որոշեց մնալ

Մինչ մենք համակ ուշադրությամբ կլանված հետեւում ենք «Այո»-ի քարոզչությանը եւ բացահայտում հերթական ստերը՝ ասված «մեծն կոմբինատորի» կողմից, մեր ռազմավարական դաշնակցի մոտ կարծես թե իշխանության ապահովագրման գործընթաց է սկսվել։ Ընթերցողը թերեւս կհիշի, որ այս տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթաց։ Ձեւավորվեցին անհրաժեշտ կառույցները սկսվեցին քննարկումները, ներկայացվեցին առաջարկներ, որոնք ձեւակերպվեցին եւ իրավաբանական տեսքի բերվեցին։

Ընդհանուր տրամադրությունները պարզ էին։ Ռուսաստանը չի կարող չունենալ ուժեղ նախագահական կառավարման համակարգ։ Տարածքային ահռելի չափսերը, դաշնային կառուցվածքը, հազար ու մի խնդիրներ, պարզապես ստիպում են, որ Ռուսաստանը ունենա հզոր նախագահական կառավարում։ Այս առումով այլընտրանք կարծես թե չկա։ Առավել եւս անցում պառլամենտական կառավարման համակարգի բացառվում է․ ռիսկերը չափազանց շատ են։

Բացի այդ, տրվեց կարգավիճակ ռուսերենին, որպես պետականաստեղծ ժողովրդի լեզվի, հիշատակում մտցվեց Աստծո մասին, ընդլայնվեցին պառլամենտի լիազորությունները, սահմանադրորեն ամրագրվեցին պետխորհրդի լիազորությունները ազգային օրենսդրությունը վեր դասվեց միջազգային պայմանադրերից, բարձրաստիճան պաշտոնատարբերի համար սահմանվեցին որոշակի սահմանափակումներ եւ այլն։

Երեկ, հաշված ժամերի ընթացքում Պետդուման եւ Դաշնային խորհուրդը, այսինքն Ռուսաստանի երկպալատ պառլամենտը ընդունեց սահմանադրական փոփոխությունների մասին օրենքի նախագիծը։ Այն ուղարկվեց ռեգիոններին եւ եթե ռեգիոնների 2/3-ը հաստատի այն, Պուտինը կստորագրի ու կհրապարակի այն։ Սակայն Պուտինը պայման է դրել, որ սահմանադրական փոփոխությունները ուժ կունենան այն դեպքում, երբ դրան հավանություն տա Ռուսաստանի ժողովուրդը համաժողովրդական կամարտահայտության՝ հանրաքվեի միջոցով։

Սա ըստ էության կարող է նշանակել ժողովրդական վստահության քվեի ակնկալում։ Այս քննարկումների ընթացքում բավական շատ խոսվեց հատկապես Պուտինի մնալ-չմնալու մասին։ Շրջանառվեց այն թեզը, թե նախագահական իր հերթական ժամկետի ավարտից հետո Պուտինը կղեկավարի պետխորհուրդը։ Սակայն նախօրեին, երբ հայտնի դարձավ Վալենտինա Տերեշկովայի ուղղման մասին, պարզ դարձավ, որ Պուտինն ամեն դեպքում մնում է։ Սակայն ինչու։ Սա բավական հեշտ պատասխան ունեցող հարց է։ Նախ, հայտնի խոսք կա, որ Կրեմլը մեկն է, սակայն այն ունի բազմաթիվ աշտարակներ։

Այսինքն թե, իշխող էլիտան որքան էլ կենտրոնաձիգ է ներկայանում, սակայն միատարր չէ եւ արդեն այսօրվանից իմանալը, թե Պուտինը հեռանում է, կարող է առաացնել այսպես ասած պալատական պատերազմներ տարբեր խմբերի ու կլանների միջեւ։ Ուստի ամենից օպտիմալ տարբերակը կարծես թե արդեն այսօրվանից մարդկանց հանգստացնելն էր, որ ամեն բան կարգին է «ցարը մնում է գահի վրա»։

Սա տիպիկ ռուսական մտածողություն է, քանի որ մշտապես պատմության մեջ ցարի գահի սասանումն առաջացնում էր «սմուտա» եւ երկիրը հետ շպրտում տասնամյակներով կամ հարյուրամյակներով հետ։ Իսկ այս դեպքում խաղի կանոնները պահպանվում են, կոնսենսուսը շարունակում է գործել։