Ինչու Հայաստանում չի կայանում քաղաքական համակ...

Ինչու Հայաստանում չի կայանում քաղաքական համակարգը, ինչու չեն գործում քաղաքական ինստիտուտները այնպես, ինչպես պետք է գործեն, ինչու է քաղաքական սիստեմը մեր երկրում միաբեւեռ, ինչու չկա լուրջ ընդդիմություն եւ վերջապես, ինչու քննադատական խոսքը տեղ չի հասնում, իսկ հասարակության մի ստվար զանգվածի կողմից էլ ընդունվում է սվիններով։

Սրանք թերեւս այն ամենակարեւոր հարցերն են, որոնց առաջ այսօր կանգնած է Հայաստանը որպես պետություն քաղաքական առումով։ Խորհրդային կարգերի փլուզումից եւ բազմակուսակցական համակարգի հաստատումից սկսած մինչ այսօր կարելի է ասել հարյուրավոր կուսակցություններ են ստեղծվել լուծարվել, հայտ ներկայացրել երկրի քաղաքական կյանքում դերակատարություն ունենալու համար եւ հետ քաշվել, ձախողվելով, կամ հասկանալով որ անիմաստ է։

Քաղաքական համակարգը Հայաստանի մոտ երեք տասնամյակի անկախության տարիներին այդպես էլ չկայացավ։ Իհարկե, մենք Կովկասում այս վիճակում միայնակ չենք։ Ադրբեջանում ավելի վատ է, սակայն օրինակ Վրաստանի հետ համեմատվել չենք կարող , այնտեղ քաղաքական սիստեմն անհամեմատ ավելի կայացած է, չնայած ունեցած խնդիրներին։

Պատճառը թերեւս կամ խորհրդային մտածողության պահպանումն է, կամ քաղաքացիական գիտակցության պակասը, կամ ով գիտե, գուցե գիտակցության խորքերում հասարակության մեջ շարունակվում է տիրապետող մնալ խորհրդային նոստալգիան, երբ կար մի «պարտիա», որը որոշում էր ամեն բան, առաջարկում էր ամեն ինչ կենսագործունեության մասին, ու նույնիսկ մտածում մարդու փոխարեն որոշում ճաշակն ու նորաձեւությունը։ Կամ էլ գուցե Հայաստանը դեռ չի հասել քաղաքական հասունության այն մակարդակին, որ քաղաքական կյանքում լինեն ոչ թե անձեր այլ ինստիտուտներ եւ գիտակցվի բազմաբեւեռության կարեւորությունը, քան միաբեւեռության գերիշխանությունը համարվի որպես միակ ճանապարհ։

Նույնը նաեւ քննադատական խոսքի մասին է։ Մեզ մոտ քննադատությունը ողջունվում էր, օրինակ Սերժ Սարգսյանի օրոք, ու նրա ժամանակներում քննադատելը ոչ միայն պետք էր, այլ նաեւ ցանկալի էր, ու նորաձեւ էր։ Քննադատում էին բոլորը եւ ամեն բան։ Հասարակությունն էլ ողջունում էր ու ծափ տալիս։ Չէին սիրում Սերժ Սարգսյանին ու քննադատությունը ընդունում էին որպես սրտահովանք։ Հետո եղավ հեղափոխություն ու եկավ Նիկոլ Փաշինյանը։ Ժողովուրդը ոգեւորվեց, ոգեւորվեց ու կուրացավ, սկսեց չտեսնել, չտարորոշել չզատել, կորցրեց սթափ դատելու կարողությունը, նաեւ՝ քննադատական խոսքի հանդեպ այն երբեմնի հարգանքը, որ կար նախկինների ժամանակ, երբ Սերժին քննադատելը նույնիսկ պարտադիր էր, հասարակության կողմից սիրվելու համար։

Հիմա արդեն ակնհայտ սխալների քննադատությունը գործող իշխանությունների, պարզապես դիմավորվում է ատելության խոսքով, հայհոյանքով, սվիններով, հաշվեհարդարի կոչերով։ Նույնիսկ ՄԻՊ-ն ու այլ իրավապաշտպան կառույցներ են բարձրաձայնում եւ Հայաստանում եւ բարձր միջազգային ամբիոններում, որ Հայաստանում քննադատական խոսքի ու այլախոհության հանդեպ նեգատիվ վերաբերմունք կա։

Սա այն դեպքում, երբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց բառացի, որ Հայաստանում բոլորը պարտավոր են հարգել մարդու ազատ մտածելու իրավունքը։ Ստացվում է, որ Հայաստանում հասարակությունը նույնիսկ քաղաքական կյանք է չափում ու ձեւում անձնական սիմպատիաներով ու անտիպատիաներով։ Նիկոլ Փաշինյանին այսօր սիրում ենք, ուրեմն ով քննադատեց թիրախավորվում է։ Բայց չէ որ սիրուց ատելություն կես քայլ է, ու ինչ է լինելու այդ դեպքում, այն էլ այսպիսի նեգատիվ էներգետիկայի գեներացվածության պարագայում։