Ինչու՞ ենք քննարկում միայն 124 միլիոնը, 85 մի...

Կառավարությունը երեկ վարչապետի աշխատակազմին հատկացրեց 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: Լուրի հաստատումից հետո եղան բազմաբովանդակ քննարկումներ՝ գումարի չափի արդարացված լինել-չլինելու հետ կապված: Այս թեմայով Politik.am-ը լսել է ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը:

Գրիգորյանն առաջին հերթին անհասկանալի է համարում «Քաղաքացու օր» հռչակելը, հետո միայն քննարկում տրամադրված գումարի չափի հարցը.«Քաղաքացու օրը խորհուրդ չունի, քանի որ Հայաստանում գոյություն ունի քաղաքացու օր: Քաղաքացու արժանապատվությունը, իրավունքները, անկախությունը, ազատությունը ամրագրված են սահմանադրությամբ, Սահմանադրության օրը ինքնին քաղաքացու օր է: Սահմանադրությունը ծառայում է մարդու ազատությունների, մարդու իրավունքների, հիմնարար արժեքների պահպանմանը: Չկա Սահմանադրությունից բարձր որևէ երևույթ, քաղաքական ուժ, մարդ»: 

Իսկ 124 մլն դրամի մասին ասում է.«Ընկել ենք ինչ-որ անհասկանալի ձևականությունների հետևից: Ինչու ենք շեշտում միայն այս 124 միլիոն դրամը, 85 միլիոն դրամ էլ տոնածառին ենք տվել մեր ամբողջ ազգի գրպանից: Իհարկե, ես կողմ եմ, որ որոշակի միջոցառումների համար գումարներ ծախսվեն, բայց ըստ առաջնահերթության: Մարդը սոցիալական խնդիրներից բացի էսթետիկ հակումներ ունի, որոնք պետք է բավարարվեն, բայց սոցիալական խնդիրները այնքան խորն ու խոցելի են, և այնքան են տարբերվում օրվա իշխանությունների որդեգրած, իրենց իսկ կողմից նշած  հեղափոխության գաղափարներից, որ ծիծաղելի են դառնում բոլորովին այլ կոչերն ու սկզբունքները»: 

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ներկայիս իշխանությունները ընդդիմություն եղած ժամանակ քննադատում էին տոնակատարություններին տրվող գումարները, Գրիգորյաը նշում է.«Այն ժամանակ քննադատությունը աշխատանք էր, իրենք էլ աշխատում էին»: 

Ըստ տնտեսագետի՝ բազմաթիվ նպատակներով կարող էր ծախսվել այս գումարը.«Օրինակ՝ խորհրդանշական կլիներ, որ Գյումրիում, որտեղից սկսվել էր քայլարշավը, ինչ-որ հետաքրքիր նախաձեռնություն իրականացնեին: Այնտեղ 20-25 000 դոլարով կարելի էր մի 10 բնակարան գնել»: 

Գրիգորյանը զրույցը եզրափակում է հռետորական հարցով.«Ինչպես ասում էր հայտնի քաղաքական գործիչը՝ մարդիկ հացին «կակա» են ասում, հիմա ի՞նչ, էլ «կակա» չե՞նք ասում»:

Մարիամ Սարգսյան