Ինչու են ամերիկացի ռազմական վիրուսոլոգները այ...

Հայ-ռուսական բավական սառը հարաբերությունների ֆոնին, որի ամենավառ ապացույցը մայիսի 9-ին՝ Մեծ Հայրենականի Հաղթանակի 75-ամյակի հետ կապված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդգծված սառը վերաբերմունքն էր Հայաստանի ղեկավարության հանդեպ, երբ հեռախոսազրույցներ եղան գրեթե բոլոր դաշնակից եւ բարեկամ պետությունների ղեկավարների հետ բացի Հայաստանի ղեկավարությունից, ռուսական մամուլում ակտիվորեն շարունակում են քննարկվել Հայաստանում գործող, ամերիկյան փողերով, իսկ ավելի կոնկրետ Պենտագոնի միջոցներով գործող կենսալաբորատորիաները, որոնք Մոսկվայի համար ոչ ավել ոչ պակաս՝ իր սահմաններին մոտ կենսաբանական սպառնալիք են դիտարկվում։ Ռուսական մեդիայի համար, թերեւս անհասկանալի է այն, որ հայ-ռուսական կենսաբանական անվտանգության մասին հուշագիրը, որը կարծես թե պետք է ստորագրվեր, այդպես էլ դեռ չի ստորագրվում, ու թեեւ Հայաստանի ԱԳ նախարարությունը մայիսի սկզբին այս հարցի առնչությամբ որոշակի մեկնաբանություններ արել է, սակայն դա, ամենայն հավանականությամբ, ռուսների համար համոզիչ չէ։

Ավելին, ռուսական վերլուծական-փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը ինչ որ բան թաքցնում է, մասնավորապես այն, որ տեւական ժամանակ Հայաստանի տարածքում գործող կենսալաբորատորիաները ինտեգրված են եղել ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության (EUCOM) Cooperative biological engagement program (CBEP) ծրագրի իրականացման պրոցեսում, ինչի մասին վկայում են այն պաշտոնական փաստաթղթերը, որոնք հրապարակվել են ԱՄՆ ՊՆ սպառնալիքների կրճատման գործակալության (Defense Threat Reduction Agency/DTRA) կողմից, ինչպես գրում է EADaily-ն իր՝ թեմային նվիրված հերթական հետաքննությունում։

Ըստ պարբերականի հրապարակման, նշված ծրագրում ներգրավված ամերիկացի ռազմական վիրուսոլոգները բազմիցս են այցելել Հայաստան, եւ եղել այդ լաբորատորիաներում։ Այդ մասնագետներից են՝ դոկտոր Թեմմի Բեկհեմը, ով աշխատել է DTRA Cooperative biological engagement program-ի գծով։ Բեքհեմն իր ներկայացրած զեկույցում նշել է, որ DTRA-ն պատասխանատու է եղել այն ընդարձակ գիտական նախագծերի կառավարման համար, որոնք ծառայել են ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական եւ Կենտրոնական հրամանատարությունների շահերին։ Նա 2017-ի սեպտեմբերից մինչեւ 2018-ի օգոստոսը աշխատել է Թուրքիայում, Իրաքում, Հայաստանում, Ուկրաինայում, Ուզբեկստանում եւ Ղազախստանում։

Հաջորդը դոկտոր Գեւին Բրաունշտեյնն է, ավագ գիտաշխատող, ով ղեկավարն է DTRA Cooperative biological engagement program-ի։ 2009 թվականից սկսած, նա չորս անգամ այցելել է Հայաստան։ Լենս Բրուքսը DTRA բաժնի վարիչ է, եւ ղեկավարում է այն նախագծերը, որոնք տվյալ գործակալության կողմից իրականացվում են Հայաստանում գտնվող կենսալաբորատորիաներում։ Հայաստան է այցելել չորս անգամ։ Դոկտոր Կարլ Նյումանը ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարության գիտաշխատող է եւ Հայաստան այցելել է 2018-ին։

Հետաքրքրական է, որ Հայաստան է այցելել նաեւ Էնդրյու Չարլզ Վեբբերը, ով հանդիսանում է ԱՄՆ Պնախարարի՝ միջուկային, քիմիական եւ կենսաբանական անվտանգության հարցերով օգնականը։ Հայաստանում եղել է երկու անգամ։ Հայաստան են այցելել նաեւ Էլիզաբեթ Ջորջը, Լյուկ Ջոն Կլուչկոն, Իեն Վոթսոնը /վերջինս Հայաստանում եղել է այս տարվա հունվարին/։ Հրապարակման մեջ նշվում է, որ այս ցանկից, որը ամենեւին էլ ամբողջական չէ, կարելի է եզրակացնել, որ գոնե սկսած 2009 թվականից Հայաստանը գտնվել է ամերիկացի ռամական վիրուսոլոգների եւ կենսաբանական անվտանգության հարցերով զբաղվող ամերիկացի մասնագետների ուշադրության կենտրոնում։