Ինչու՞ է Մակունցը զանգահարել Օրբելյանին

Ապրիլի 1-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մանրամասներ է ներկայացրել Օպերայի թատրոնի՝ աշխատանքից ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանին կատարած հեռախոսազանգից: Խոսելով զանգի մասին` Լիլիթ Մակունցը նշել է, որ զանգը մշակույթի նախարարության որոշման հետ կապ չուներ:

«Իմ և պարոն Օրբելյանի ընդհանուր արվեստագետ ընկերներից մեկը ինձ տեղեկացնում է, որ Օրբելյանը լավ չի զգում, և ինձ առաջարկում է, որպեսզի ես զանգահարեմ՝ առանց որևէ կոնտեքստի, և ես զանգահարում եմ պարոն Օրբելյանի, հետաքրքրվում եմ, թե ինչպես է, նա ասում է, թե ինչ է տեղի ունեցել, և տեղեկացնում է նաև, որ հաջորդ օրը հրավիրելու է մամուլի ասուլիս: Որևէ մեկնաբանություն չեմ արել դրան, ասել եմ, որ տեղյակ չեմ եղել, և նաև տեղեկացրել եմ, որ միջամտություն ցուցաբերել չեմ կարող:  Այդ զանգը որևէ կերպ միջամտություն ունենալու համար չի եղել, ես ինձ նման բան թույլ տալ չեմ կարող թե´ որպես մշակույթի նախկին նախարար, և թե´ որպես օրենսդիր»,- ասաց Լիլիթ Մակունցը: