Ինչու՞ է լռում Ռուսաստանի Դաշնությունը

Երբ 2018-ին նոր իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը, դեռ վարչապետի աշխատասենյակ գնալու ճանապարհը չյուրացրած, հետխորհրդային տարածքի ռազմաքաղաքական բլոկ հանդիսացող ՀԱՊԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին որոշեց առանց հետկանչի կամ ժամկետի լրանալու քրեական պատասխանատվության ենթարկել, հարվածելով ՆԱՏՕ-ին հակակշռելու կոչված բլոկի հեղինակությանը, թերեւս չէր էլ կարծում, որ այսօր Մոսկվայում իր ներկայացուցիչն, ի դեմս ՌԴ-ում ՀՀ դեսպանի, օրը մի քանի անգամ է հայտարարելու, որ ակնկալում են ՀԱՊԿ-ի արձագանքը կիրակի օրվանից սկսված հայ-ադրբեջանական սահմանային լարվածության եւ ռազմական բախումների հետ կապված, ու որպես արձագանք ստանալու է ստանդարտ, ոչինչ չասող մամուլի հաղորդագրություն։

Երբ նույն 2018-ին Նիկոլ Փաշինյանը հազիվհազ վարչապետի բլանկին ընտելացած պետական ապարատ խցկեց իրենց ամբողջ կյանքում հակառուսական գործունեություն ծավալած գործիչների՝ հարված հասցնելով  հայ-ռուսական հարաբերություններին երեւի չէր էլ մտածում, որ հիմա Կրեմլից խոսնակի բերանով պարզապես հայտնվում է խորը անհանգստություն։

2018-19 թթ այս առումով Փաշինյանի աստեղային ժամերն էին, քարերով հարվածելու, բումերանգը նետելու ժամանակը, իսկ հիմա արդեն քարերի այդ նետումների պատասխան հարվածները ընդունելու եւ նետված բումերանգի վերադարձը դիմավորելու ժամանակն է։

Անշուշտ, ինչ որ «իքս» պահի Մոսկվան կմիջնորդի եւ իրադրությունը կկայունացնի, սակայն այժմ կարծես թե դրա ժամանակը չէ, եւ կարծես բոլորը ուզում են ցույց տալ, թե իրականում ինչ է ներկայացնում իրենից թուրք-ադրբեջանական տանդեմը, ինչ սպառնալիքներ կարող է այն հանդիսանալ Հայաստանի համար եւ Ռուսաստանը այդ տանդեմին ինչպես էր կարողանում զսպել։

Ըստ ամենայնի Փաշինյանը սկսել է հասկանալ, թե ինչու «Լադիմիր Լադիմիրովիչը», ում հետ ամեն պատեհ անպատեհ առիթի, ասում էր, որ փայլուն հարաբերություններ ունի եւ հարց չկա, հիմա պարզապես հետեւում է լարվածությանը։ Մեծ հաշվով լարվածությունը կարելի կլիներ հաշված ժամերի ընթացքում դադարեցնել, եթե Փաշինյանը լիներ այն անձը, ում հանդեպ Մոսկվան կունենար վստահություն եւ հանուն ում քայլեր կձեռնարկեր։ Սակայն հերթական անգամ ենք համոզվում, որ Փաշինյանն այդ մարդը չէ եւ Ռուսաստանն էլ մեղմ ասած դեռեւս պահում է իրեն մի կեցվածքում, որը ասում է․ «ինչպես հոխորտալուց ես լավ, այնպես գնա գլուխ հանիր այս իրավիճակից»։

Այս ամենի մեջ հուսադրողն այն է, որ հայկական բանակը իր ամուր դիրքերում է ու վստահ կարելի է ասել, որ հակառակորդը իր արժանի պատասխանը ստացել և ստանալու է, բայց քաղաքական ղեկավարության և դիվանագիտական կորպուսի ամբողջ խնդիրն այն է, որ գործը չհասնի բանակին։ Եթե հասել է, ապա քաղաքական ղեկավարությունը ինչ որ տեղ մեծ բացթողում ունի։