Ինչու դեռ չի խոսում Արամ Ա-ն

Ինչպես հայտնի է Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Փարիզում է եւ մասնակցում է հեղինակավոր համաժողովների։ Երեկ հայտնի դարձավ, որ Փարիզ է նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կրկին համաժողովների մասնակցելու համար։ Ու այն ժամերին, երբ Երեւանում դաշնակցական երիտասարդները, համալսարանական մի խումբ ուսանողներ եւ դասախոսներ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը, նա հանգիստ խղճով մասնակցում է համաժողովի։

Սրանից ավելի վառ ու ակնբախ «մեսիջ», որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հեռացնի պաշտոնից իր ամենից հավատարիմ կադրերից մեկին, դժվար թե լինի։ Թերեւս միայն հայտնի երեւանյան ռոք-համերգի տեսանյութը, հրապարակված կրկին վարչապետ Փաշինյանի կողմից, որտեղ էլի կար Արայիկ Հարությունյանը։

Մինչ այս, մամուլում եւ հասարակական տարբեր շրջանակներում խոսվեց այն մասին, որ նույնիսկ իշխանության ներսում ԿԳՄՍ նախարարի աթոռի վրա աչք ունեցողներ են հայտնվել։ Իհարկե դա կարող է լինել, սակայն իրատեսական չէ այս փուլում հատկապես Արայիկ Հարությունյանի պաշտոնանկությունը, եթե նույնիսկ ելակետ ընդունենք այն կանխավարկածը, որ ամեն դեպքում իրադրությունն այնքան կլրջանա, որ Փաշինյանը կորոշի փոխել նրան։ Այն, որ հարցն այնքան էլ լրջացած չէ, այլ հանգամանքներ եւս փաստում են։ Խնդիրները որոնք բարձրաձայնվում են, գոնե Հայոց լեզվի հետ կապված, ուղղակիորեն առնչվում են նաեւ պետության իրականացրած լեզվական քաղաքականությանը։ Հայոց պատմության ու Հայ գրականության պարագայում՝ ազգապահպանությանն ու հայապահպանությանը։ Եվ Հայոց լեզուն, եւ Հայ գրականությունը եւ Հայոց պատմությունը, ընդ որում, զուտ միայն Հայաստանի Հանրապետության, կամ ՀՀ քաղաքացիների սեփականությունը չէ։

Այն որպես հայկական ինքնության բաղադրիչ նաեւ սեփականությունն է սփյուռքահայության։ Հայաստանը որոշակի պարտավորություններ ունի ստանձնած հայապահպանության ու ազգապահպանության հետ կապված, որի շրջանակներում նաեւ հայոց լեզվի տարածման խնդիր է փորձում իրականացնել սփյուռքահայ համայնքներում, հասկանալով, որ կորցնելով լեզուն, մարդն արագ կերպով կարող է ասիմիլացվել։ Այս ամենն աչքի առաջ ունենալով գանք մի հարցի։

Արդեն տեւական ժամանակ է, ինչ Սփյուռքի ձայնը բարձրացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։ Իսկ այն, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսւթյունը ՀՅԴ հետ սերտ կապեր ունի, հայտնի իրողություն է։ Զարմանալի է, սակայն այս պրոցեսների մեջ դեռ չի խոսել Արամ Ա-ն։ Հարց է առաջանում՝ ինչու։ Գուցե սպասում է, որ իրավիճակը սրանա այնքան, որ հարկ լինի իր միջամտությանը։

Ամեն դեպքում, եթե հարցը գոնե Հայոց լեզվի, Հայ գրականության կամ Հայոց պատմության մասով այդքան սրությամբ դրված լիներ կամ դրությունը այն աստիճան սրված լիներ, որ մոտենար կրիտիկական կետի, ապա դժվար թե Արամ Ա-ն չխոսեր, հատկապես, որ ոչնչով կաշկանդված չէ ու կախում չունի ներկա իշխանություններից, չի ունեցել կախում նաեւ նախկին իշխանություններից եւ հարկ եղած դեպքում հանդես է եկել նաեւ սուր քննադատություններով։