Ինչպե՞ս կազդի վրացական լարիի արժեզրկումը Հայա...

Հարևան Վրաստանում հակառուսական ակցիաների արդյունքում վրացական լարին էականաորեն արժեզրվել է, թեև գործընթացը նոր չէ, որ սկսվել է: Եթե տարեսկզբին լարին համարժեք էր 181-182 դրամի, փետրվարին՝ 184-185 դրամի, ապա այսօր 166 դրամ է: Politik.am-ը փորձել է հասկանալ՝ ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ լարիի արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա, հատկապես հիմա, երբ բազմաթիվ հայ զբոսաշրջիկներ ամառային հանգիստն անցկացնում են Վրաստանում: Մեր զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Վերջինիս խոսքով՝ առաջին հերթին պետք է ուսումնասիրել հայ-վրացական ապրանքաշրջանառությունը, թե մենք ինչ ենք տալիս իրենց, ինչ ենք ստանում: «Մեծ ապրանքաշրջանառություն, ըստ էության, չկա: Եղածն էլ վերաարտահանման հետ է կապված, որը փոփոխության չի ենթարկվում, և վրացական լարիի արժեզրկումը դրա վրա էական ազդեցություն չի ունենում»,-նշում է Խաչատրյանը:

Ըստ տնտեսագետի՝ մի միջազգային խնդիր կարող է լինել, որ մենք կարող ենք մրցակցության արդյունքում տուժել՝ վրացական ապրանքն ավելի մրցունակ է դառնում.«Օրինակ՝ գինու կամ խմիչքների արտադրության հետ կապված, որովհետև այդ դեպքում մենք կորցնում ենք մեր համեմատական առավելությունները: Պետք է հստակ տեղեկություն ունենալ, թե վրացական գինիներն, օրինակ, կոնկրետ ռուսական շուկայում ինչ գնային ֆեգմենտում են տեղավորվում, և հայկականներն ինչ տեղ ունեն: Այսինքն՝ իրար փոխարինելի՞ են, թե՞ ամեն մեկն իր տեղն ունի: Ինչքանով ես եմ տեղեկացված՝ միմյանց չեն փոխարինում, ամեն մեկն իր տեղը գտել է շուկայում, և այս առումով լրացուցիչ խնդիրներ չեն լինի»:

Վահագն Խաչատրյանի խոսքով՝ անհանգստությունը կապված է մի ուրիշ հանգամանքի հետ՝ զուտ քաղաքական, որի պատճառով ռուս-վրացական հարաբերությունները այնքան սրվեն, որ սահմանի փակման խնդիր առաջանա.«Բայց ես գրեթե համոզված եմ, որ հարցը դրան չի հասնի, որովհետև երկկողմանի տնտեսական շահեր կան, որոնք ձևավորվել են վերջին մոտ 5 տարվա ընթացքում, երբ վրացական կողմն իր քայլն արեց՝ ՌԴ բնակիչների համար առանց վիզային ռեժիմի մուտք հաստատելով, ռուսական կողմն էլ իր քայլն արեց՝ վրացական ապրանքների համար շուկան բացելով: Շահագրգռվածությունը կա, և այն թյուրիմացությունը, որ եղել է վերջին շրջանում, իր քաղաքական հանգիստ լուծումը կգտնի:  Մի բան էր անհասկանալի՝ տնտեսագիտորեն պետք է լարին ոչ թե արժեզրկվեր, այլ արժեվորվեր, որովհետև տուրիստական շրջան է, այցելուները շատ են»:

Տնտեսագետն ընդգծում է՝ անցյալ տարի մոտավորապես 8 միլիոն քաղաքացիներ են մտել Վրաստան, որոնցից 4 միլիոնը՝ տուրիստական նպատակներով: «Լարին արժեզրկվելու որևէ հիմք չուներ, և իմ բացատրությունը այն է, որ սա քաղաքական էր. այսինքն՝ իրավիճակից ելնելով՝ խուճապային տրամադրությւոններ են առաջացել: Այս առումով, հնարավոր է, իրենց ներքին շուկայում խնդիրներ լինեն, և ապրանքներ ու ծառայություններ թանկանան, որոնք ինչ-որ առումով՝ միջնորդավորված կամ ուղղակի, կարող են մեզ վրա ազդել: Օրինակ՝ մենք մտածում ենք, որ եթե լարին արժեզրկվել է, դա տուրիստներին օգտակար է, որովհետև այնտեղ իրենք ավելի լավ գնային պայմաններով արտարժույթ կփոխանակեն, բայց մյուս կողմն էլ կա՝ դրա հետ մեկտեղ Վրաստանում գների բարձրացում տեղի կունենա: Սա էլ պետք է համեմատության մեջ նայել, թե ինչքանով ենք շահում, ինչքանով՝ տուժում»,-ասում է Խաչատրյանը: 

««Ուժեղ» դրամը մի կողմից ներքին շուկայի գների կայունություն է, բայց մյուս կողմից՝ արտահանման խոչընդոտ: Պետք է գտնել ոսկե միջինը»,-նշում է Խաչատրյանը:

Ամփոփելով՝ տնտեսագետն ասում է, որ այս պահին լուրջ վտանգ չի տեսնում, բայց եթե իրավիճակը երկար շարունակվի, չկայունանա ու ավելի կանխատեսելի չդառնա, որոշակի խնդիրներ կլինեն: