Ինչպես կազդի կորոնավիրուսային համավարակը Իրան...

Թեեւ կորոնավիրուսի համավարակը դեռ շարունակում է մոլեգնել՝ թիրախավորելով նորանոր մարդկանց, սակայն շատ մանսագետներ արդեն այսօրվանից փորձում են հասկանալ, թե համավարկը ինչ ազդեցություն կարող է ունենալ պետությունների եւ համաշխարհային քաղաքականության վրա։ Ակնհայտ է, որ զենքի եւ սպառազինությունների վրա միլիարդներ ծախսող պետությունները այսօր չեն կարողանում պաշտպանել իրենց քաղաքացիներին։ Այսօր արդեն շատ վերլուծաբաններ նշում են, որ կորոնավիրուսը ազդելու է ընդհանուր աշխարհակարգի վրա։

Եթե պանդեմիան շարունակվի, առանց հաշվի առնելու ռազմաքաղաքական, տնտեսական բլոկների եւ ազգային պետական սահմանների առկայությունը, ապա օրինակ Եվրամիությունն ու Շենգենյան գոտին կարող են հայտնվել հարվածի տակ եւ ոչնչանալ։ Ընդ որում, կորոնավիրուսի հետ կապված վեճերը, ռեգիոնից ռեգիոն տեղափոխվելով, կարող են բովանդակային նրբերանգներում որոշակիորեն փոխվել։

Օրինակ Թուրքիայում, Իրանում եւ Հնդկաստանում դրանք կարող են դիտարկվել կրոնի եւ գիտության պրիզմայից։ Առաջնային հարթակ են դուրս գալիս մշակութային կոդերն ու ավանդույթները։ Իրանը, որտեղ վերջին տարիներին բավական սուր փողոցային պայքարի դրսեւորումներ ենք նկատում, այժմ կորոնավիրուսային ինֆեկցիայի օջախներից է դարձել եւ հասարակությունը սկսել է կասկածամտորեն վերաբերվել, թե արդյոք իշխանություններն անկեղծորեն ճշգրիտ տվյալներ են հաղորդում, կապված վարակակիրների թվի հետ։

Թուրքիան էլ կարող է բախվել ավելի լուրջ խնդիրների հետ։ Այդ երկրի ՆԳ նախարարությունը սահմանափակել է 65 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների եւ խրոնիկ հիվանդություններ ունեցողների ելումուտը։ Ընդհատվել է ավիահաղորդակցությունը 107 երկրի հետ։ Սնանկացել է այնպիսի խոշոր ընկերություն, ինչպիսին Atlas Global-ն է, որի կազմի մեջ մտնում են երեք խոշոր ավիաընկերությունները։ «Թուրքական ավիաուղիները» գերմարդկային ճիգեր է գործադրում, որպեսզի կարողանա դիմանալ ճգնաժամին։

Կրճատվել է Ստամբուլում հանրային տրանսպորտի աշխատանքը՝ 68 տոկոսով։ Թուրքական տնտեսությունը դեռ կորուստներ կկրի եւ հիմա ներդրողների հիմնական խնդիրը կապիտալի՝ գոնե մասնակի պաշտպանելն է, քանի որ ավելի քան 150 հազար փոքր ու միջին ընկերություն արդեն փակվել է։

Հարվածի տակ են հայտնվել ծառայությունների եւ տուրիզմի ոլորտները։ Տնտեսական ցնցումները, չնայած 15,2 միլիարդ դոլարի ծրագրի, որով փորձ է արվում մեղմացնել տնտեսական վնասների ազդեցությունը, կբերի իր հետեւից սոցիալական ցնցումների, որոնք իրենց հետ կարող են Թուրքիայում բերել քաղաքական սրացումների, հատկապես, որ մինչ կորոնավիրուսի համավարակն էլ ներթուրքական քաղաքական կյանքն այնքան էլ հանդարտ չէր ընթանում։