Ինչպե՞ս կազդեն հայ-ռուսական հարաբերություններ...

Ռուսական gazeta.ru կայքն անդրադարձել է գազի գնի հարցով հայ-ռուսական տևական բանակցություններին՝ նշելով, որ հայկական իշխանությունները փորձում են այնպես անել, որ Մոսկվան նվազեցնի վառելիքի գինը: Նշվում է, որ բանակցություններն ընթանում են մի քանի ամիս, բոլոր վերջնաժամկետները վաղուց անցել են, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել:

Politik.am-ը հարցի շուրջ զրուցել է «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ: Վերջինս նշում է, որ Gazeta.ru-ի հոդվածն ավելի շատ տեղավորվում է քաղաքական շահարկման տրամաբանության մեջ, որը փորձում են կյանքի կոչել որոշ խմբեր, այդ թվում՝  ռուսաստանյան որոշ քաղաքական խմբեր՝ ինչ-որ չափով լարվածություն ստեղծելու համար, քանի որ, ինչպես հայտնի է, մոտ ժամանակներս պետք է հանգուցալուծվեն ռուսական գազային բանակցությունները, և կողմերը պետք է վերջնական կոնսենսուսի գան առ այն, թե ինչպիսի գնային քաղաքականություն պետք է կիրառվի մոտակա  հինգ տարում.«Ըստ այդմ, այս բանակցությունների ավարտական փուլում նմանատիպ լարվածության ստեղծումը լրատվամիջոցների դաշտում, կարծում եմ, որոշակի հստակ քաղաքական նպատակներ է հետապնդում որոշակի էլիտաների համար: Սա՝ առաջինը»:

Անդրադառնալով հարցի երկրորդ կողմին՝ փորձագետը նշում է.«Ինչ վերաբերում է գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, եթե դիտարկենք զուտ տնտեսագիտական տրամաբանության մեջ, ապա մակրոտնտեսական գործընթացները, համաշխարհային գործընթացները, որոնց մենք հետևում ենք միջազգային էներգետիկ շուկաներում, վկայում են այն մասին, որ մենք թևակոխել ենք մի ժամանակաշրջան, որը, թերևս, կարելի է բնութագրել որպես ավելի ու ավելի բարձրացող գազի գնի ժամանակաշրջան՝ նախևառաջ պայմանավորված այն վայրիվերումներով, որ առկա են նավթի շուկայում: Գիտենք, որ նավթի շուկայում առկա տենդենցներն ուղղակիորեն ազդում են գազի գնագոյացման վրա, և ռուսական գազի գնագոյացումը բացառություն չէ: Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, ներքաշված լինելով մի շարք խոշոր գազատրանսպորտային նախագծերի մեջ, բավականին խոշոր ներդրումային պարտավորություններ է ձեռք բերել, ինչն, իհարկե, այսօր Ռուսաստանին ստիպում է անգամ գնալ այնպիսի ոչ պոպուլյար քայլերի, ինչպիսին է հենց Ռուսաստանի ներսում գազի սակագնի աճի արձանագրումը: 2018 թվականին ներքին շուկայում գազի գինը բարձրացել է մոտ 3%-ով, երեկվանից բարձրացել է 1.4%-ով: Այսինքն՝ այս բոլոր մակրոտնտեսական գործընթացները վկայում են այն մասին, որ մենք կարող ենք ունենալ ավելի բաձր գին»,-նշում է Դավթյանը՝ միաժամանակ ընդգծելով.

«Բայց, բնականաբար, հաշվի առնելով 2000-ականներից ի վեր առ այսօր իրականացվող գնային քաղաքականությունը՝ մենք կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ տնտեսագիտական տրամաբանությունից ու մեթոդաբանությունից զատ՝ այստեղ նաև գործարկվելու է քաղաքական մեթոդաբանությունը: Վերջին՝ առնվազն 18 տարիների փորձը ցույց է տալիս, որ իրականում Հայաստանի համար սահմանվող գները ավելի շատ հիմնված են եղել այս կամ այն քաղաքական նպատակադրումներից և նկատառումներից ելնելով: Խնդիրն օբյեկտիվորեն գնահատելու համար մենք, իհարկե, պետք է ուշի ուշով հետևենք հայ-ռուսական քաղաքական երկխոսությանը, որն, իմ կարծիքով, այդ տնտեսական բաղդրիչից բացի շատ կարևոր և վճռորոշ դեր կարող է ունենալ գազի գնագոյացման հարցում»:

Ըստ այդմ, ըստ փորձագետի, հստակ կանխորոշումներ չենք կարող անել: «Երբ փորձում ենք զուտ տնտեսագիտական տրամաբանության մեջ դիտարկել հարցը, միանշանակ կարող ենք փաստել, որ այո, գազի գինը կարող է շարունակաբար բարձրանալ մոտակա տարիներին, բայց գազի գինը տարիներ առաջ ևս բարձրանում էր միջազգային շուկայում, բայց դա չէր անդրադառնում հայաստանյան շուկայի վրա, քանի որ առկա էր քաղաքական կամքի դրսևորում Մոսկվայի կողմից»:

Վահե Դավթյանին խնդրեցին հարցին անդրադառնալ քաղաքական տեսանկյունից՝ որպես կուսակցության անդամ: «Ավանդաբար մենք հայ-ռուսական հարաբերություններն ընկալում ենք զուտ միջանձնյա հարաբերությունների մակարդակում: Ամեն դեպքում՝ հասարակական դիսկուրսում հենց այդ ձևաչափն է գործում: Շատ հաճախ մենք փորձում ենք ընկալել հայ-ռուսական հարաբերությունները՝ ելնելով նրանից, թե ինչ շփման կամ հաղորդակցման դինամիկաի մեջ են գտնվում Պուտինը և Փաշինյանը, կամ առանձին քաղաքական դերակատարներ, մինչդեռ ակնհայտ է, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակադրումը Հայաստանում, և, առհասարակ, տարածաշրջանում շատ ավելի երկարաժամկետ ձևաչափով է մշակվում, և ընկալելի է այդ քաղաքականությունը՝ որպես վերանձնային սահմանել, որովհետև, չնայած նրան, որ թավշյա հեղափոխությունից հետո առկա էր որոշակի ոչ ակնհայտ լարվածություն հայ-ռուսական հարաբերություններում, և կան մի շարք հարցեր, որոնց շուրջ, թերևս, օրգանապես, Երևանը և Մոսկվան չեն կարող միևնույն դիքերից հանդես գալ, այնուամենայնիվ Ռուսաստանը շարունակում է հանդես գալ Հայաստանի Հանրապետության առանցքային առևտրատնտեսական գործընկեր:

Մասնավորապես, մենք գիտենք, որ նույն 2018 թվականի և 2019 թվականի առաջին կիսամյակի դրությամբ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը աճ է արձանագրել, ինչը ևս խոսում է նրա մասին, որ Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվող քաղաքականությունը իրականում վեր է միջանձնյա հարաբերություններից, վեր է անգամ ներքաղաքական տատանումներից և տարբեր զարգացումներից: Հարցը պետք է դիտարկել ավելի շատ տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ Ռուսաստանն ավանդաբար ունի որոշակի կայսերական նկռտումներ այս տարածաշրջանում: Դիտարկում է տարածաշրջանն ու Հայաստանը՝ որպես իր օրգանական շահերի կենտրոն, և, ըստ այդմ, ես չեմ կարծում, որ այն քաղաքական տատանումներն ու զարգացումները, որ տեղի են ունեցել Հայաստանում, կարող են էապես փոփոխել Ռուսաստանի արտաքին քաղաքական վեկտորը Հայաստանի նկատմամբ»,-ամփոփեց փորձագետը: