«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»․ Նաիրա Զոհրաբ...

Ազգային ժողովում  քննարկվում է ««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է ներդնել հանարքվեի չեղարկման ինստիտուտ:

Ընդդիմադիրները առաջարկվող նախագծին կողմ չեն: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երկրում տիրող ծանր իրավիճակի ֆոնին սա համարում է կեղծ օրակարգ.

«Դուք ուզում եք չեղարկել հանրաքվեն, որից հետո փորձելու եք լուծել ՍԴ-ի հարցը, մենք ասում ենք՝ սա կեղծ օրակարգ է»:

Զոհրաբյանը պնդեց՝ իրենց համար Հրայր Թովմասյանի և ՍԴ-ի այս կազմի հարց չկա, պետք է կենտրոնանալ երկրի սոցիալական և տնտեսական հարցերի վրա.

«Ինչո՞ւ եք վախենում հանրաքվեից»,- հարց բարձրացրեց Զոհրաբյանը:

Պատգամավորն ակնարկեց, որ իշխող խմբակցության համար հանարաքվեի արդյունքները կանխատեսելի են, ուստի չեղարկման նպատակն էլ այդ է:

Նույն հարցը հետաքրքրում էր նաև ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանին՝ ինչո՞ւ պետք է չեղարկել հանրաքվեն, եթե արտակարգ դրությունը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ վիրուսի տարածվելը կանխված չէ:

Պատգամավորը հորդորեց վերանայել հարցը՝ ինչո՞ւ է օրենքը հիմա բերվել, եթե հնարավոր է հանրաքվե իրականացնել արտակարգ դրության ավարտից հետո:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նախագիծը համարեց ժամանակավրեպ, հորդորեց հանրաքվե անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո:

«Տանում եք ՍԴ-ի հետ կապված ձեր համապատասխան խնդիրների լուծմանը»,-նշեց նա: 

ԲՀԿ-ից Սերգեյ Բագրատյանն էլ առաջարկեց՝ եթե ժողովրդին թողնում եք գնան մոլեր, ռեստորաններ, թող մի օր էլ գան, ընտրություն անեն, քարոզչությունն էլ կարող է առցանց կազմակերպվել:

Պատգամավորն ակնարկեց՝ եթե ուրիշ բան կա, կարող են բարձրաձայնել:

Իշխանական խմբակցությունից Սուրեն Գրիգորյանը պնդեց՝ իրենց ճիշտ չեն հասկացել ընդդիմադիրները, խնդիրը ոչ թե կոնկրետ այս հանրաքվեն է, այլ առհասարակ այդ ինստիտուտի ներդնումը: