Ի՞նչն է ստիպում Փաշինյանին՝ լինել նախորդների...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պատգամավորական գործունեության ընթացքում հաճախ է քննադատել նախորդ իշխանություններին՝ «ռսահպատակ» քաղաքականություն վարելու և Հայաստանը «գուբերնիայի»  կարգավիճակի հասցնելու մեջ։

Պատգամավոր Փաշինյանի համար անընդունելի էին նախորդ իշխանությունների բարիդրացիական հարաբերությունները ՌԴ իշխանությունների հետ։ 

Հետաքրքիր է, որ վարչապետ Փաշինյանն այլ պատկերացումներ ունի։ Եթե առաջնորդվենք պատգամավոր Փաշինյանի գնահատման սանդղակով, ապա նա հիմա առավել «ռուսահպատակ» արտաքին քաղաքականություն է վարում։

Փաշինյանը, կարծես, պատրաստ է տալ այն, ինչ ռուսները ցանկանում են, և սա այն դեպքում, երբ ռուսական պետական հեռուստաընկերությունները անխնա քննադատում, ինչ-որ տեղ նաև գույները խտացնելով՝ նվաստացնում են նրա իշխանությանը։

Վարչապետ Փաշինյանը երեկ զանգահարել էր Ռուսատսանի նախագահ Պուտինին և ներկայացրել մանրամասներ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումից։

Փաշինյանի կողմնակիցները, իհարկե, կարող են ասել, որ ՌԴ-ն Արցախի խնդրով զբաղվող Մինսկի խմբի համանախագահ երկիր է, ու բնական է, որ նա պետք է քննարկեր այդ հարցը Պուտինի հետ։ Բայց այստեղ հարց է առաջանում, թե նա ինչու՞ մանրամասներ չի ներկայացրել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին։ Չէ՞ որ նրանք էլ են Մնսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներ։

Անհասկանալի է վարչապետ Փաշինյանի նման կեցվածքը, երբ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, իր իշխանությունը չունի լեգիտիմության պակաս։  Ըստ ամենայնի, վարչապետ Փաշինյանը ռուսական կողմի հետ ունի պայամանվորվածություն, որը ստիպում է նման կեցվածք ընդունել։ Գուցե այդ պայմանավորվածությունը եղել է իր վարչապետ ընտրվելուց առաջ, Հայաստանում ՌԴ դեսպանատանը։ Գուցե ինչ-որ ժամանակ գա, և Փաշինյանն ասի, թե ի՞նչ է քննարկել նա ՌԴ դեսպանատանը 2018 թ.-ի ապրիլի 23-ի կեսգիշերին, որից հետո պարզ կլինի։