Ինչն է խանգարում մեզ, որպեսզի պաշտոնապես դիմո...

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն, ով համարվում է եվրոպական քաղաքականության պոպուլիստ ներկայացուցիչներից մեկը, հայտարարել է, որ Իտալիան հաղթահարել է կորոնավիրուսային համավարակի պիկը եւ այժմ խնդիր է դրված երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերել։ Նա նշել է, որ վարակման դեպքերի հետ կապված վիճակագրության թվերը բավական հուսադրող են եւ անընդհատ նվազման միտում ունեն։ Սրանով հանդերձ, նա կարեւոր է համարել դիմակների կրումն ու ֆիզիկական հեռավորության պահպանումը։

Ընթերցողների հիշողության մեջ թարմ են թերեւս այն օրերը, երբ Իտալիայում իրավիճակը կապված համավարակի հետ մոտենում էր աղետալիությանը։ Իտալիան օգնություն խնդրեց Ռուսաստանից եւ կարողացավ ռուսների օգնությամբ հաղթել համավարակին, գոնե այժմյան դրությամբ։ Հայաստանում կարծես թե համավարակի տարածումն ընթանում է իտալական սցենարի համաձայն։ Արդեն ավելի քան 11 հազար վարակված ունենք, եւ 176 մահվան դեպք։

Ինչն է խանգարում մեզ, որպեսզի պաշտոնապես դիմում արվի Մոսկվային, որպեսզի մասնագետներ գան Հայաստան ու օգնեն մեզ հաղթահարել այս դժնդակ ժամանակահատվածը, հատկապես, որ ԱՊՀ, ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ մասով մենք կարող ենք նման օգնություն ակնկալել նաեւ մեր մյուս դաշնակիցներից, չհաշված, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ մեր անվտանգության երաշխավորը։

Միթե մարդկային կյանքերը չարժեն, որպեսզի պաշտոնապես խնդրենք, որպեսզի ռազմական բժիշկներից բաղկացած խումբ գա Հայաստան ու փորձեն համաճարակային իրադրությունը կայունացնել, հատկապես, որ դա ընդունված պրակտիկա է։ Այն, որ սեփական ուժերով մենք այլեւս չենք կարողանա, հասկանալի է ինքնին։

Հայաստանի առողջապահական համակարգը ճկվում է եւ կարող է պարզապես գալ մի պահ, երբ առհասարակ վիճակը կդառնա կատարելապես բարձիթողի։