Ինչի կարող են հանգեցնել անկարգությունները ԱՄՆ...

Մարդկության պատմության մեջ անթիվ անհամար քաղաքակրթություններ, մշակույթներ, հասարակություններ են եղել, որոնք անցել են ձեւավորման, զարգացման, ծաղկման, ճգնաժամի եւ անկման փուլեր։ Նման մարդկային օրգանիզմին, հանրային օրգանիզմները նույնպես ենթակա են քայքայման, պայմանավորված կենսական ուժերի հատումով, ներքին կրակի հանգչելով։ Յուրաքանչյուր քաղաքակրթության կյանքի տեւողությունը տարբեր է եւ այն կախված է բյուրավոր գործոններից, սակայն որեւէ քաղաքակրթության վախճանը, ինչպես պատմությունն է ցույց տվել մշտապես, բռնությամբ է ուղեկցվում։ Հանրույթը վախճանվում է ոչ թե ներքին փտածությունից, այլ արտաքին, երբեմն էլ ներքին գործոնից, որը նաեւ իր հետ բերում է նոր կրակ։

Արդեն վախճանված քաղաքակրթության փլատակների վրա կառուցվում է նորը, որը նույնպես կյանքի նույն ցիկլն անցնելուն է դատապարտված։ Հին Եգիպտոսում ներքին ուժերի ուժասպառումը չբերեց նրան, որ այն որպես քաղաքակրթություն բնականորեն վախճանվի։ Այն չհասցրեց էլ վախճանվել, այլ նվաճվեց Ասորեստանի կողմից, որն իր հերթին նույն ճակատագրին արժանացավ։ Հին Հունական քաղաքակրթությունը նախ կարմիր հսկայի նման փքվեց ահռելի չափսերի հասնելով, նվաճելով արդեն քայքայված Պարսկական կայսրությունը, հետո, արդեն սեփական հակասությունների ճնշման տակ եւ Հռոմի նվաճողական քաղաքականությամբ պայմանավորված պայթեց, ու արդեն սպիտակ թզուկի կարգավիճակում շարունակեց իր գոյությունը։ Ռազմական պարտություններին մշտապես նախորդել են սոցիալական եւ փիլիսոփայական հետընթացները։ Այս ընթացքը շարունակվում է մինչեւ մեր օրեր։ Այս դիտակետից բավական հետաքրքրական են ուսումնասիրողի համար այն պրոցեսները, որոնք այսօր ընթանում են Միացյալ Նահանգներում։

Անկարգությունները, որոնք բռնկվեցին Միացյալ Նահանգներում սեւամորթի սպանությունից հետո, արագ կերպով նրան հերոսացրեցին, չնայած քրեական անցյալին, եւ սկսվեցին պրոցեսներ, որոնք սովորական հեղափոխական անվանել չի կարելի։ Ֆիքսենք, որ ամերիկացի ցուցարարները ոչ նոր բարբարոսներ են, ոչ նոր յակոբինյաններ, ոչ էլ նոր բոլշեւիկներ։ Ոչ թել ռասիզմն է նոր ԱՄՆ-ում կամ ամենից գլոբալ խնդիրը, որի պատճառով առաջացավ այս քաոսը։

Ըստ ամենայնի, ներկայումս ԱՄՆ-ում տեղի ունեցածը երկու չափորոշիչ ունի՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ, որոնք փոխկապակցված են եւ կատարվողի էությունը կարելի է հասկանալ երկուսի՝ միասնականության մեջ դիտարկելը։ Սուբյեկտիվ չափորոշիչը կայանում է ցույցերի գիտակցաբար հրահրման մեջ, որոնք անում են ձախ ուժերը, որոնք ավելի ասոցացվում են Դեմոկրատական կուսակցության հետ։ Հենց նրանք են տեղի ունեցողին ռասայական գունավորում տալիս, ձգտելով ամեն բան անել, որ իրենց կողմից ատելի Դոնալդ Թրամփն հանկարծ երկրորդ ժամկետի համար չընտրվի։

Այն, որ ԱՄՆ-ում նման տրամադրություններով առաջնորդվողներ կան, խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգներում կա խորը ներքին ճգնաժամ եւ գործող երկկուսակցական կոնսենսուսը, որը գործել է վերջին 150 տարում, այժմ փլուզվում է։ Առճակատող կողմերը եւ առաջին հերթին դեմոկրատները, իրենց օգուտի համար պատրաստ են նաեւ խաչ քաշել սեփական երկրի վրա, ինչը նշանակում է, որ քանդվում է Նոր ժամանակների հենասյուներից մեկը՝ ազգ-պետությունը։ Ազգային պետությունները ժամանակակից էլիտաների համար այսօր չափազանց սահմանափակող են դարձել, քանի որ վերջիններս իրենց գլոբալ են դիտարկում եւ վաղուց են կորցրել հետաքրքրությունը՝ այսպես ասած՝ տանը տեղի ունեցող պրոցեսների հանդեպ։

Օբյեկտիվ գործոնը կապված է ԱՄՆ պատմության ժխտման հետ առհասարակ, ինչը կապված է թեկուզ արձանների ոչնչացման հետ։ Ու այս ամենի համադրությամբ, առաջանում է մի կարեւոր հարց, արդյոք սա նշանակում է, որ ամերիկյան իմպերիալիզմը հասնելով իր պիկին սկսում է քայքայվել։