Ինչ վտանգների մասին է խոսում Բալասանյանը․ Հայ...

Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ում ի պաշտոնե կարելի է համարել որպես բավական լուրջ ինֆորմացիայի տիրապետող մարդ, հերթական անգամ իր մտահոգություններն է հայտնել, կապված Հայաստանում տիրող իրադրության հետ։

Նա հատկապես իր խոսքում շեշտել է այն, որ տեղի ունեցող բոլոր պրոցեսները, որոնք ընդհանուր առմամբ կարող ենք որակել նեոլիբերալզմի ու գլոբալիզացիայի գափարական սահմանումների տակ, իրականում մի մեծ ծրագրի բաղադրիչներն են, որոնք Հարավային Կովկասում, այսինքն Ռուսաստանի հարավային դարպասների մոտ մտադրություն ունեն ձեւավորել նոր հակառուսական օջախ։

Իրականում, այդ ասվածը գուցե եւ թվա դավադրության տեսություն, սակայն բավական իրատեսական հիմքեր ունի, քանի որ եթե համեմատում ենք տարբեր երկրներում տեղի ունեցող ու տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների հետ, ապա տեսնում ենք, որ նույնիսկ առանձին դրվագներ, ինչպես մարդու իրավունքների եւ ազատությունների անվան տակ տարբեր խմբերի ակտիվացումը, կրոնական եւ հասարակական խմբային բազմազանության ընդգծումը եւ այլն, որոշակիորեն համակարգված բնույթի են ու ի վերջո բերում են հստակ քաղաքական օրակարգի ու պահանջների ձեւավորման։

Հայաստանի համար սա չափազանց լուրջ վտանգ է, քանի որ աչքի առաջ ունենք վրացական եւ ուկրաինական օրինակները։ Ուկրաինան  նույն ճանապարհով գնաց ու կորցրեց Ղրիմն ու Դոնբասը։ Վրաստանը՝ Հարավային Օսեթիան ու Աբխազիան։ Իսկ այս տարի, եթե Թբիլիսին խելքի չգար, նույն վիճակը կստեղծվեր նաեւ Աջարիայի դեպքում, ամեն պարագայում նախադրյալները կային։

Հիմա ինչ կկորցնի Հայաստանը։ Միանշանակ Արցախը եւ իզուր չէ, որ առանձին ռուս փորձագետներ արդեն ուղիղ տեքստով են հայտարարում, որ այն օրը, երբ ռուսական բազան դուրս եկավ Հայաստանից, ու ռուսական հովանավորությունը Հայաստանի համար դադարեց գործել, Հայաստանը կմնա առանց Արցախի։ Հիշենք, որ Թուրքիայի համար մենք համարվում ենք «ագրեսոր» երկիր, որը «գրավել է իր փոքր եղբոր տարածքի մի մասը»։ Թուրքիային այդ «սխալն ուղղելու համար» զսպում է ռուսական բազան։ Իսկ իր ռազմական ուժով ՆԱՏՕ-ում առաջատարների ցանկում գտնվող երկրի համար, առանց ռուսական հովանավորության, այդ «սխալն ուղղելը» մի քանի օրվա հարց է։

Անի Սահակյան