Ինչ փոփոխություններ են սպասվում ոստիկանական հ...

Ազգային ժողովում ավարտվեց «Ոստիկանության մասին» և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի քննարկումը:  ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցադրմանն ի պատասխան հայտնեց՝ Երևանում պարեկային ծառայության ներդրման վերջնաժամկետը 2021-ի առաջին եռամսյակն է, իսկ հանրապետությունում ամբողջական ներդրման համար ժամկետ է սահմանված 2022-ի առաջին եռամսյակը։ Թե ինչո՞ւ են սկսել հենց Երևանից, փոխնախարարը պարզաբանեց.

«Եթե մենք որևէ փոքր մարզում անենք պիլոտ, նախ մարզի տվյալները նույն խնդիրները չեն գեներացնելու, ինչը կգեներացնենք Երևանում, և մենք փորձել ենք փաստերին զուգահեռ  լինել հավակնոտ։ Ինչո՞ւ Երևանը։ Որովհետև մեծապես կարևոր է, թե երկիրը առաջին փուլով, մեկ կրթական ցիկլով մաքսիմում քանի պարեկային ծառայող կարող է պատրաստել՝ նաև չունենալով կրթության որակի որոշակի կոմպրոմիս»,- նշեց փոխնախարարը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը  նշեց, որ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքը սահմանվել է մինչև 35 տարեկանը՝ նախկին 30-ի փոխարեն, հանվել է նաև կրթական ցենզը, այսինքն՝ պարեկային ոստիկան դառնալու համար կարող է դիմել միջնակարգ կրթությամբ ցանկացած անձ: Պատգամավորը կոչ արեց երիտասարդներին փորձել իրենց ուժերը պարեկային ոստիկանությունում:

Ըդդիմադիր ԼՀԿ խմաբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, մինչդեռ, կարևորեց ոստիկանի պատրաստման կրթական բազայի փոփոխությունը: Ընդգծեց, որ որակական փոփոխություններ են պետք համակարգում, քանի որ հանրությանը չի հետաքրքրում ծառայության անվանման փոփոխությունը: 

Պատգամավորը հատուկ ընդգծեց, որ հանրությանը պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն: 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը պնդեց՝ համավարակը ցույց տվեց, որ ամենամեծ ռեֆորմի կարիք ունի ոստիկանությունը: Պատգամավորը կարևորեց նաև հասարակություն-ոստիկան փոխհարաբերությունները, ըստ նրա՝ ռեֆորմների էֆեկտիվությունը նաև այս գործոնով է պայմանավորված: