Ինչ պետք է անի Երեւանը՝ ռեգիոնալ լարվածության...

Ամերիկա-իրանական առճակատման հերթական սրացումը կարծես թե հաղթահարվում է։ Իհարկե, ասել, որ հարաբերությունները ակնթարթորեն կբարելավվեն նշաակում է խոստովանել, որ զրոյական պատկերացում է առկա այս երկու պետությունների, գոնե վերջին կես դարի ընթացքում ունեցած հարաբերություններից։ Սակայն նաեւ ասելը, թե ռազմական լայնամասշտաբ բախման վտանգն օդում կախված է, ու օդում վառոդի հոտ կա, դա էլ է սխալ։

Լարվածությունն ամեն դեպքում կհապհանվի, ինչպես որ եղել է տասնամյակներ շարունակ։ Այժմ այսպես ասած «աֆտեր-շոկային» կամ հետցնցումային զարգացումների հերթն է։ Դրանք, իհարկե, կարող են լինել քաղաքական-դիվանագիտական հարթակներում, տնտեսական հարթակում, նաեւ ցանցային պրոքսի կամ կիբեր հարձակումների տեսքով եւ այլն։ Ընդհանուր զսպվածությունը, սակայն կպահպանվի, ինչը շատ կարեւոր է, քանի որ ամենավատ խաղաղությունը նույնիսկ դրախտային վիճակ է, քան պատերազմը։ Այս փուլում, հատկապես կարեւոր է այն, թե ինչ պետք է անի Հայաստանը։

Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ եզակի դեպքերից մեկն է, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ իրավիճակային լուծում տվեց՝ հայտարարելով, որ Հայաստանը զերծ է մնում այս ռեգիոնալ կոնֆլիկտի մեջ ներքաշվելուց, քանի որ պատկերավոր ասած՝ խրամատի երկու կողմում էլ Հայաստանի համար բարեկամ երկրներ են՝ ի դեմս ԱՄՆ-ի եւ Իրանի։

Չեզոքության այս գիծը պետք է պահպանվի: Երեւանի համար նաեւ այժմ շատ կարեւոր է կամայնություն դրսեւորել, որպեսզի հնարավոր տարաբնույթ սցենարային զարգացումների դեպքում կարողանա դիմակայել եւ բաց պահել հայ-իրանական սահմանը, որը մեզ համար կենսական ճանապարհ է։

Որքան էլ տարօրինակ հնչի, սակայն ամերիկա-իրանական ճգնաժամը հուշեց Երեւանին մեկ այլ իրողություն․ հնարավորինս ակտիվացնել գործողությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ նախ սառեցված հակամարտությունը վառոդի տակառ հիշեցնող ռեգիոնում միշտ թեժանալու հնարավորություն է պարունակում։Սա նաեւ Հայաստանի համար այլընտրանքների հնարավորություններ կապահովի վատթարագույն սցենարային զարգացման դեպքում, երբ անխուսափելի լինի հայ-իրանական սահմանի փակումը։

Մյուս կողմից, հաշվի առնելով ռեգիոնալ ինտեգրացիոն միավորներում Հայաստանի եւ Թեհրանի ճանապարհների խաչաձեւումները, Երեւանն արդեն այսօրվանից պետք է պատրաստվի ԱՄՆ կողմից հակաիրանական նոր սանկցիաները որպես տնտեսական նոր հեռանկարների հնարավորություն դիտարկելու եւ օգտվելու դրանից։

Ի վերջո, Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առկա է ազատ առեւտրի համաձայնագիր, եւ Երեւանն այս դեպքում այդ համաձայնագրից օգտվելու առումով թիվ մեկ շահառուն կարող է լինել։ Իհարկե Հայաստանի իշխող վարչակազմը կարծես թե համոզվեց, որ աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ-ինտեգրացիոն ռազմաքաղաքական ընտրության հարցում չի սխալվել եւ այս ուղղությամբ պետք է շարունակել աշխատելը։