Ինչ նպատակով են ԱԳՆ-ում ԶԼՄ-ների ներկայացուցի...

Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան հայտնի գրառումը կապված լրագրողների եւ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման հետ, չգիտես ինչու իրարանցում է առաջացրել հայկական մեդիադաշտում։ Անցնող ժամերի ընթացքում այս հանդիպման առումով միանգամից որակումը տրվեց ուշադրությունը կենտրոնացնելով այսպես կոչված սորոսականների ազդեցության ոլորտում գտնվող ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ Ղարաբաղյան հարցի մասին քննարկում կազմակերպելու իրողության վրա, ընդ որում՝ փակ ռեժիմով։

Խնդիրն իրականում ոչ այնքան հանդիպումն է, կամ հանդիպման մասնակիցների սորոսական կամ ոչ-սորոսական լինելը, եւ կամ էլ այն, որ հատուկ հանձնարարական է տրվել չբացահայտել քննարկումները, այլ նպատակը, որի համար արվել է այս հանդիպումը, որ վերջին հինգ տարում նմանատիպ 9-րդն է, ըստ գրառման հեղինակի։ Ինչ նպատակներ է հետապնդել ԱԳՆ-ն նման հանդիպում կազմակերպելիս։ Առաջին հնարավոր վարկածի համաձայն, սա կարող է արվել զուտ նրա համար, որպեսզի հայկական մեդիադաշտում խաղացողները կարողանան ըստ արժանվույն դիմագրավել ադրբեջանական քարոզչամեքենայի մանիպուլյացիաներին։

Այս թեզի օգտին կարող է աշխատել այն հանգամանքը, որ հանդիպումը կազմակերպվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտնի հարցազրույցից հետո, որը չափազանց լայն արձագանք գտավ նաեւ Հայաստանում, սակայն ցավոք չարձագանքվեց ՀՀ ԱԳ նախարարության կողմից։ Սակայն այս դեպքում հարց է առաջանում, իսկ ինչու հրավեր չի ուղղվել բոլոր լրատվական միջոցներին կամ գոնե առաջատարներին, եւ ինչու այդ մասին գրում է Իոաննիսյանը եւ չի հայտարարում Աննա Նաղդալյանը։

Մյուս վարկածի համաձայն հանդիպումը հետապնդում է քարոզչական նպատակներ։ Ընդ որում, խոսքը ոչ թե արտաքին ճակատում քարոզչության մասին է, այլ ավելի շատ ներքին ճակատում՝ ոչ-իշխանական ճամբարի կողմից բարձրաձայնվող թեզերին հակադարձելու համար, ինչի մասին հեռահար ակնարկի ձեւով կարելի է հասկանալ նաեւ Իոաննիսյանի գրառման հետեւյալ հատվածից․ «Բնականաբար չեմ կարող պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ չկա ավելի մեծ սուտ, քան «այս իշխանությունը Արցախում հող է հանձնում» թեզը և ավելի մեծ ցինիզմ, քան մասնավորապես ՀՀԿ-ականների կողմից այդ թեզի շրջանառումը»։

Այս վարկածը թերեւս ավելի շատ է հավանական, քանի որ իշխանության համար Ղարաբաղյան հակամարտության թեման համարվում է «աքիլեսյան գարշապար»։